Մատչելիության հղումներ

Սկանդալ ամերիկյան Կոնգրեսում


ԱՄՆ կոնգրեսական Պրամիլա Ջայապալ, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Պրամիլա Ջայապալ, արխիվ

Սկանդալ ամերիկյան Կոնգրեսում։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի մի քանի տասնյակ ազդեցիկ կուսակիցները նախ հանդես են գալիս Մոսկվայի հետ ուղղակի բանակցություններ սկսելու առաջարկով, ապա հրաժարվում են իրենց իսկ նախաձեռնությունից։

Դեմոկրատական կուսակցության ձախ թևը ներկայացնող կոնգրեսականների նամակի մասին երկուշաբթի օրը գրել էր The Washington Post օրաթերթը։ Ներկայացուցիչներ պալատի 30 դեմոկրատ օրենսդիրները, որոնցից տասն, ի դեպ,անդամակցում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին, կոչ էին արել Սպիտակ տան ղեկավարին վերանայել Ուկրաինայում վարվող քաղաքականությունը։ Ընդգծելով,որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում միջուկային զենքի կիրառման հավանականությունը կտրուկ կերպով աճել է, դեմոկրատ կոնգրեսականները կոչ էին անում նախագահ Բայդենին անել հնարավորը նման աղետից խուսափելու համար։ Դրա միակ ձևն, ըստ ամերիկացի օրենսդիրների, «Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական և տնտեսական օգնությունը դիվանագիտական ակտիվ գործողությունների հետ համադրելն է և հրադադարի իրատեսական պայմաններ գտնելուն ուղղված ջանքերի կրկնապատկումը»։

Փաստաթղթի հրապարակումից 24 ժամ չանցած դրա գլխավոր նախաձեռնողը՝ Վաշինգտոն նահանգից ընտրված կոնգրեսական Պրամիլա Ջայապալը, հայտարարեց, որ այն հրապարակվել է աշխատակազմի ներկայացուցիչներից մեկի սխալի հետևանքով։ Ամերիկյան լրատվամիջոցները նաև պարզել էին, որ նամակի տակ կոնգրեսականները ստորագրել են դեռ հունիսի 30-ին, սակայն անցած չորս ամիսների ընթացքում ինչ-ինչ պատճառներով այն այդպես էլ չէր հրապարակվել։

Նամակի տակ ստորագրած կոնգրեսականներից մի քանիսը հայտարարեցին, որ եթե այս նախաձեռնությունն ի հայտ գար այժմ, իրենք դրան հաստատ չէին միանա՝ հաշվի առնելով Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները, մասնավորաբար՝ Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառույցներին հասցված հարվածները։

Հարցի մեկ այլ կողմն էլ զուտ ներքաղաքականն է. ձախ դեմոկրատների այս նամակը հրապարակվեց Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ կոնգրեսական ընտրություններից երկու շաբաթ առաջ։

Թե՛ նամակի հրապարակումը և թե՛ դրանից հրաժարումը կարող են ճակատագրական նշանակություն ունենալ դեմոկրատների համար՝ քվեարկությունից առաջ ի ցույց դնելով կուսակցության ներսում առկա տարաձայնություններն ու խմորումները։ Եվ սա մի իրավիճակում, երբ այս շաբաթ հրապարակված հարցումները վկայում են՝ բոլոր առանցքային նահանգներում հանրապետականների վարկանիշն աճում է։ Միացյալ Նահանգների տարածքում անցկացված բոլոր հարցումների միջինացված տվյալները վկայում են՝ օգոստոսից ի վեր առաջին անգամ հանրապետականներն իրենց վարկանիշով առաջ են անցել դեմոկրատներից։

Միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգներում կայանալու են նոյեմբերի 8-ին։Դրանց ընթացքում վիճարկվելու են Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերը, ինչպես նաև Սենատի ընդհանուր կազմի մեկ երրորդը։

XS
SM
MD
LG