Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ո'չ ամերիկյան, ո'չ էլ ռուսական կողմը առայժմ հեռախոսազրույցի մասին մանրամասներ չեն հայտնել։ Լլոյդ Օսթինն ու Սերգեյ Շոյգուն վերջին անգամ հեռախոսով շփվել էին հինգ ամիս առաջ։
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունների ֆոնին։ Այսօր առավոտյան հարձակման են ենթարկվել Խարկով քաղաքն ու Զապորոժիեն։
Ուկրաինական բանակն իր հերթին երեկ թիրախավորել է բռնակցված Խերսոնի Անտոնովսկի կամուրջը։ Խերսոնի շրջանի ռուսական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը հայտնել է, որ անցակետի վրա հարձակման ժամանակ 4 մարդ է զոհվել, մոտ 10-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ զոհվածների և վիրավորների թվում խաղաղ բնակիչներ ու ռուսամետ լրագրողներ կան. - «Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ուկրաինացի նեոնացիստները հարձակվել են Խերսոն քաղաքի խաղաղ անցակետի վրա։ Հարվածի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել։ Մենք ևս մեկ անգամ փաստում ենք` խաղաղ բնակչության գնդակոծությունը շարունակվելու է, ուստի մեր հայտարարած տարհանումը անհրաժեշտ միջոց է»։
Ուկրաինական հարձակումը բռնակցված Խերսոնի մարզում շարունակակվում է։ Ուկրաինացի զինվորականները վեց շաբաթ ունեն, որի ընթացքում կարող են առաջընթաց գրանցել, քանի դեռ եղանակը թույլ է տալիս. սա ամերիկյան հետախուզության գնահատականն է, որը հրապարակել է The New York Times թերթը՝ ընդծելով, որ ամերիկացի հետախույզների կարծիքով, ռուսական ուժերի ձախողման հավանականությունը մեծ չէ։ Սակայն ուկրաինացիները հակահարձակումը շարունակելու դեպքում կարող են ազատագրել Խերսոնը և որոշ բնակավայրեր Դոնեցկի մարզում։
Ուկրաինական բանակն արդեն Կախովկայի մոտակայքում է, ռուսները տարհանում են տեղի բնակչությանը Դնեպրի մյուս ափ՝ սպառնալով նրանց ոչ միայն գնակոծություններով, այլ նաև պնդելով, թե ուկրաինական բանակը կարող է պայթեցնել տեղի հիդրոէլեկտրակայանը։
Մինչդեռ նախագահ Զելենսկին երեկ երեկոյան հայտարարել է, որ ռուս զինվորականներն արդեն ականապատել են հիդրոէլեկտրակայանի ագրեգատներն ու ամբարտակը. - «Եթե ՀԷԿ-ը ոչնչացվի, դա հավասարազոր կլինի զանգվածային ոչնչացման զենքի կիրառման։ Պայթեցումը կնշանակի լայնածավալ աղե:»։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել միջազգայաին հանրությանը կանխել ռուսական նոր ահաբեկչությունը։
Միջազգային հանրությունը մինչդեռ, ի դեմս Թուրքիայի նախագահի, պնդում է, թե Պուտինը մեղմացրել է իր դիրքորոշումը և բաց է Զելենսկու հետ բանակցությունների համար։ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։
Կրեմլի խոսնակն էլ պնդում է, թե Պուտինը միշտ բաց է եղել բանակցությունների համար ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արևմուտքի հետ։ Նրա խոսքով, բանակցություններից հրաժարվել է ուկրաինական կողմը. - «Ուղղակի ուկրաինական կողմի դիրքորոշումն է փոխվել։ Ուկրաինայի օրենսդրությունն այժմ արգելում է ցանկացած բանակցություն Ռուսաստանի հետ»։
Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ խոսելու իմաստ չի տեսնում և կբանակցի միայն Ռուսաստանի նոր նախագահի հետ։
Մինչ այդ երեկ երեկոյան պատերազմի ութ ամիսների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահը հանդիպել է ռուս զինվորականներին Մոսկվայից ոչ հեռու՝ Ռյազանի մարզի ուսումնամարզական հավաքակայանում։ Դաշնային հեռուստաընկերությունները երեկ երեկոյան կադրեր են հեռարձակել, թե ինչպես է Պուտինը հետևում նորակոչիկների վերապատրաստմանը։ Նա նաև տեսախցիկի առաջ մի քանի կրակոց է արձակել դիպուկահար հրացանից։
Անկախ փորձագետները փաստում են, թե այս կադրերը ռուսաստանյան հասարակությանը հանգստացնելու Կրեմլի պրոպագանդայի հերթական փորձն է. - «Կրեմլի նպատակն է այս կադրերով հանգստացնել բնակչությանը։ Տեսեք, մոբիլիզացիան կարծես թե ավարտվում է, նախագահն ինքն է իր վերահսկողության տակ վերցրել, և հիմա քաոսային վիճակ չի լինի, կհարգվեն մարդու իրավունքները, զինվորներն ապահովված են զինվորական հագուստով և կոշիկներով»։
Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովի կարծիքով, սա մեծ ազդեցություն չի ունենա ռուսաստանցիների կարծիքի վրա։ Նրանք, ովքեր են փախել են մոբիլիզացիայից, չեն վերադառնա, և ռուսաստանցիների շրջանում հսկայական անհանգստությունը կպահպանվի։ Վերլուծաբանը նաև կարծում է, որ Կրեմլը այս կադրերով ցուցադրում է պատերազմը շարունակելու Պուտինի վճռականությունը։