Մատչելիության հղումներ

2022-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է


Ջամիլա Աֆղանի, լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության
Ջամիլա Աֆղանի, լուսանկարը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին, հաղորդում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։

Մինչև 2021 թվականի օգոստոսը «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100 հազար կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք: Կազմակերպությունը նաև իրավաբանական օգնություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10 հազար կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից:

«Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից: Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց և խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության և այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին և փաստաբաններին», - ասված է հաղորդագրությունում:

«Ավրորա»-ի առաքելությունն է ճանաչման և մեծարանքի արժանացնել Ջամիլա Աֆղանիի նման մարդասերների աշխատանքը և այն ներկայացնել աշխարհին: Մերօրյա այս հերոսները ոգեշնչում ու առաջնորդում են մեզ և ցույց տալիս, թե ինչպես դիմակայել ճնշող թվացող մարտահրավերներին: Նրանք մեզ հիշեցնում են համընդհանուր մարդկայնության մասին և քաջալերում՝ նույն նվիրվածությամբ ծառայելու աղքատներին և լուսանցքում հայտնված մարդկանց։ Նրանք նաև հիշեցնում են մեզ բոլորիս հավասար հնարավորություն տալու՝ մեր պարտավորության մասին», - ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար լորդ Արա Դարզին:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

Որպես 2022-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգային և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությանը:

«Իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պայքար է։ [...] Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ հույսի լույս են վառում ապագայի համար եւ մեզ բոլորիս ելք ցույց տալիս խավարից», - նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:

«Ստեղծումից ի վեր «Ավրորա» մրցանակը բարեփոխել է հակամարտությունների, հալածանքների և մարդու իրավունքների այլ խախտումների հետեւանքով տուժած ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին, տեղահանվածներին, կանանց և աղջիկներին», - ասված է հաղորդագրությունում:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել և աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետևանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի և ունեցած ազդեցության:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ և The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն և IMAGINE կազմակերպության համահիմնադիր և համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021թթ.):

Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահը Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելն էր (1928-2016 թթ.):

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորա»-ի ամբողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորա»-ի աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման և «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, և ամենակարևորը՝ կմեծանա փրկվածների թիվը, ասված է հաղորդագրությունում:
Նախաձեռնության ծրագրերն են՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ և 100 LIVES նախաձեռնություն:



«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր և 2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորա»-ի՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը և համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG