«Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիրը Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունն է։ Դափնեկրի անունը հայտարարվեց հունիսի 10-ի լուսաբացին՝ Խոր Վիրապի վանքին հարակից տարածքում՝ Արարատի ստվերի ներքո, որպես արշալույսի՝ նոր լուսավոր սկզբի խորհրդանիշ։
115 երկրից առաջադրված 750 թեկնածուներից այս տարվա Ավրորայի դափնեկիր ընտրված Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ իրավապաշտպան գործունեություն է ծավալում քաղաքացիությունից զրկված իր ռոհինջա ժողովրդի իրավունքների համար։ Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների և կրթությունից զրկված երեխաների իրավունքների համար պայքարելով՝ Չո Լա Աունը կյանքի 12 տարին անցկացրել է բանտարկության մեջ։ 1 միլիոն դոլար մրցանակն իրավապաշտպանն ուղղելու է մարդասիրությամբ զբաղվող երեք կազմակերպությունների՝ դրանից բացի ստանալով 100 հազար դոլարի պարգև։
Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների շնորհվող «Ավրորայի» այս տարվա դափնեկրին իմանալու համար հարյուրավոր հյուրեր «Խոր վիրապ» վանքի մոտ էին եկել ուշ գիշերվանից: Անցնելով մոմերով ուղենշված ճանապարհով ու աշխարհի տարբեր քաղաքների ձայները վերարտադրող 12 կամարների տակով՝ հյուրերը ականատես եղան հոգևորից մինչև ազգային երաժշտական ներկայացումների։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ, գործարարներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասացին, որ նախորդ երկու տարիների համեմատությամբ 2018֊ին մրցանակաբաշխության ձևաչափի փոփոխումը խորհրդանշական բնույթ ունի։
«Ուզում ենք մարդասիրական ոլորտում մարդիկ արթնանան և տեսնեն ինչ է պատահում աշխարհի շուրջը, և թե՛ Արարատի սիմվոլը, որը ներկայացնում է վերապրումի խորհրդանիշը», ֊ նշեց Նուբար Աֆեյանը։
Ռուբեն Վարդանյանը հավելեց. ֊ «Մենք հասկացանք, որ եթե ուզում ենք իսկապես, որ մարդիկ հասկանան ոչ թե միայն, ով է ստանալու մրցանակը, բայց և ինչ է արվել անցյալ տարիների մեջ։ Համ էլ որ մի քիչ էլ Հայաստանը ցույց տանք, որ ուրիշները տեսնեն Հայաստանը և տեսնեն ինչքան չքնաղ երկիր մենք ունենք»։
«Ավրորայի» համահիմնադիր ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ ամեն տարի դափնեկիրներն ընտրվում են ոչ թե իրենց անձնական որոշմամբ, այլ անկախ ընտրող հանձնաժողովի կողմից. ֊ «Մեզ համար ինչ֊որ կապ կա և ցեղասպանությունը Մյանմայում ինչ֊որ ձևով նման է... իրենք երեք միլիոն ազգություն էին ու հիմա մնացել է մի քանի հարյուր հազար մարդ, և ոչ մեկը չգիտի՝ իրենք ուր են կորել։ Եվ ինձ թվում է, ինչ֊որ սիմվոլիկ բան կար, բայց դա, իսկապես, մեր որոշումը չի»։
Դառնալով «Ավրորայի» դափնեկիր՝ Չո Լա Աունն ընդգծեց՝ «Ավրորայի» շնորհիվ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը. ֊ «Ես շատ հպարտ եմ այս մրցանակի համար։ Մենք ապրում ենք շատ վտանգավոր երկրում, և այս մրցանակն ինձ կպաշտպանի նման վտանգներից»։
«Ավրորա» 3֊րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստանում են նաև նախորդ տարիների դափնեկիրներ Մարգարիտ Բարանկիցեն ու բժիշկ Թոմ Քաթինան։ Հայաստան են ժամանել նաև Նոբելյան մրցանակակիրներ, բարձրաստիճան դիվանագետներ ու մարդասիրական աշխատանքով հայտնի այլ անձինք։
Այսօր մինչև լուսաբաց շարունակված միջոցառման ավարտին ներկաները միասին շուրջպար կազմեցին։
2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ի երեկոյան Օպերայի և բալետի թատրոնում կայանալիք միջոցառման ժամանակ։