Եզդի ակտիվիստ, 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երևան:
IDaA հինադրամի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ եզդի ակտիվիստը կհանդիպի տեղի եզդիական համայնքի հետ և կայցելի Արցախ: Մինչ դեկտեմբերի 9-ին Արցախ մեկնելը Դինային մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների, Երևանում նա նաև կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն և «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Ղարաբաղյան պատերազմում վիրավորվածներին:
«Ավրորա»-ի դափնեկիրը մասնավորապես հայտարարել է․ - «Հատկապես այս տարի շատ դժվար է բոլորիս համար, և հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որպեսզի «Ավրորան» մնա հույսի շողացող փարոս կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուրի համար։ Ես շատ ուրախ եմ Հայաստան այցելելու այս երկար սպասված հնարավորության համար, որպեսզի անձամբ արտահայտեմ իմ համերաշխությունն ու աջակցությունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և այն ամենին, ինչի համար նա պայքարում է: Ցավալի է տեսնել, թե հայերը՝ այս խիզախ ու հինավուրց ժողովուրդը, ինչի միջով են ստիպված եղել անցնել և դեռ շարունակում են անցնել: Մեր ազգերն այնքան ընդհանրություններ ունեն, այդ իսկ պատճառով այստեղ լինելն ինձ առանձնահատուկ ուրախություն է պարգևում»:
Միրզա Դինայիի այցը կավարտվի դեկտեմբերի 11-ին: