«Ես կարծում եմ, որ հենց դա է Ավրորայի հիմնական նպատակը, որը դրել են Հայոց ցեղասպանության վերապրածները, նրանց թոռները, և մենք տարածքում ենք դա աշխարհով՝ մարդկությունը ամրապնդելու համար: Սա է ամենակարևոր ուղերձը, որ մենք տարածքում են և կտարածենք: Եվ ինձ համար պատիվ է Ավրորա ընտանիքի մաս կազմել, որպեսզի տարածեմ դա ազգային և միջազգային մակարդակով», - հավելեց Մինային:
Միրզա Դինային Սիրիայում և Իրաքում ծավալվող պատերազմների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։
Ազգությամբ եզդի ակտիվիստը ահաբեկչության ավելի քան 1,5 հազար զոհերի է փրկել և «Իսլամական պետության» կողմից սեռական բռնության ենթարկված հարյուրավոր անձանց աջակցել:
Այսօր նրա անունը որդան կարմիր ներկով արձանագրվեց Մատենադարանի «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում: Գրքի էջերում են նաև նախորդ տարիներիներին այս պատվավոր մրցանակին արժանացած բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեի, ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինայի և ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անուները:
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկրից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իր այսօրվա ուղերձը նաև մարտահրավեր է հենց այսօր ընթացող պատերազմներին, մասնավորապես Սիրիայի հյուսիսիում ծավալվող ռազմական գործողություններին:
Միրզա Դինային կարևորելով այդ հանգամանքը՝ ասաց, որ պատրաստվում են «Ավրորա» մրցանակի չորս դափներկիրներով առաջիկայում հանդես գալ խաղաղության և համակարտությունը լուծելու կոչով․ - «Կոչ ենք անելու միջազգային հանրությանը օգնել խաղաղ բնակչությանը և վերջ դնել ցանկացած բռնությանը, ներխուժմանն ու պատերազմական հանցագործություններին»:
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Միրզա Դինային ստանալու է 1 միլիոն դոլարի պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակել մարդասիրության շղթան:
50 հազարական դոլարի պարգևի կարժանանան նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի մյուս հավակնորդները՝ եմենցի Հուդա ալ-Սարարին և նիգերացի Զանա Բուկար Մուստաֆան:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ամփոփելով 7 օր ընթացող «Ավրորա 2019» ֆորումը՝ որպես միջոցառման ամենամեծ ձեռքբերում առանձնացրեց այն, որ «տիեզերական մտքի մեջ, պատմության մեջ հայերն իրենց մեկնությունը պահել են»:
«Ավրորան դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հայկական տարբերակը», - իր ելույթում ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր և Հայաստանի եզդի համայնքի անունից էլ երախտագիտությունն հայտնեց Դինայիին:
Ի դեպ, «Ավրորա» մրցանակի 4-րդ դափնեկիրը երեկ հանդիպել է Հայաստանի եզդի համայքի ներկայացուցիչների հետ, Արմավիրում այցելել է եզդիական առաջին տաճարը:
«Հայաստանցի եզդիներն այնքան հպարտ էին, որ Հայաստանն առաջի երկիր էր, որ ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եվ սա հիմա ոչ միայն խորհրդանշական, այլ նաև քաղաքական, մարդասիրական ճանաչում է: Ես տեսա, թե ինչքան ուրախ էին նրանք այս տարվա Ավրորա մրցանակաբաշխության արդյունքներով», - ասաց նա:
«Ավրորա - 2019»-ի դափնեկրի վերջին կանգառը Երևանի պետական համալսարանն էր: Նա զրուցեց, լուսանկարվեց ուսանողների հետ:
«Ավրորա մրցանակից բացի, Հայաստանից տանում եմ համերաշխություն, սեր, մարդասիրություն և ջերմ մարդկանց», - այսպիսին էր Միրզա Դինայիի հրաժեշտի խոսքը Հայաստանին: