Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից զորակոչվել է առնվազն 213 հազար մարդ՝ 53 շրջաններում, վկայակոչելով բաց աղբյուրները՝ հայտնում են «Կարևոր պատմություններ» հրատարակությունը և Conflict Intelligence թիմը:
Երեկ երեկոյան հրապարակված զեկույցում նշված է, որ մոբիլիզացվածների ընդհանուր թիվն ակնհայտորեն ավելի մեծ է, քանի որ 32 մարզերում զորակոչվածների թվի մասին տեղեկություն դեռ չկա:
Երկու օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, թե նախագահ Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի շրջանակում արդեն 200 հազար մարդ է զորակոչվել:
Հետազոտողները պարզել են, որ տարբեր շրջաններում մոբիլիզացիան անհավասար է ընթանում: Ամենաբարձր ցուցանիշը Կրասնոյարսկի երկրամասում է, որտեղից ռազմաճակատ է ուղարկվում 28 հազար մարդ կամ շրջանի պահեստազորի գրեթե 5,5 տոկոսը, թեև Սերգեյ Շոյգուն խոստացել էր, որ այդ ցուցանիշը պետք է չգերազանցի 1 տոկոսը կամ մի քիչ ավելին: Բուրյաթիայում, օրինակ, զորակոչվել է պահեստազորի 3,7 տոկոսը, Դաղստանում՝ 2,6 տոկոսը, Կալմիկիայում՝ 2,2 տոկոսը:
Զեկույցի հեղինակներն ասում են, որ ուղիղ կապ են տեսնում զորակոչվածների թվի և այս կամ այն մարզի աղքատության միջև՝ ինչքան աղքատ է մարզը, այնքան շատ մարդ է զորակոչվում այդ մարզից: Սա վերլուծաբանները բացատրում են նաև նրանով, որ աղքատ մարզերում շատ են տղամարդիկ, որոնք պայմանագրային զինծառայող են եղել և համապատասխան փորձ ունեն:
Երբ Շոյգուն հայտարարեց, որ զորակոչվելու է ընդամենը 300 հազար մարդ, փորձագետներից շատերն այս թվերին չհավատացին՝ շեշտելով, որ իրականում շատ բարդ կլինի վերահսկել, թե քանի մարդ է զորակոչվում:
Զորահավաքի մասին Պուտինի ելույթից հետո որոշ ռուսական լրատվամիջոցներ, հղում անելով նախագահի ադմինիստրացիային մոտ կանգնած իրենց աղբյուրներին, գրեցին ուկրաինական ճակատ մեկ միլիոն մարդ զորակոչելու իշխանությունների մտադրության մասին:
«Գուցե այս 300 հազարը հիմա զորակոչվի, իսկ մնացածը աստիճանաբար կհավաքագրվի, քանի որ կորուստներ են լինում: Ամեն դեպքում, մենք չենք հավատում, որ մոբիլիզացիան կսահմանափակվի 300 հազարով», - եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Մինչդեռ Պենզա քաղաքում հարուցվել է մոբիլիզացիայից խուսափելու փաստով առաջին հայտնի քրեական գործը, ինչի մասին հաղորդել է «Ագորա» իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը: Նրա խոսքով՝ 32-ամյա կասկածյալը հրաժարվել է ստորագրել զինկոմիսարիատի ծանուցագիրը և բերման է ենթարկվել ՕՄՕՆ-ի ուժային աջակցությամբ: