Մատչելիության հղումներ

Տատյանա Միխայլովա. «Այս զորահավաքը ծանր հարված կհասցնի Ռուսաստանին»


Ռուսաստան - Զորակոչիկները զինկոմիսարիատում, Բատայսկ, Դոնի Ռոստովի շրջան, 26-ը սեպտեմբերի, 2022թ.
Ռուսաստան - Զորակոչիկները զինկոմիսարիատում, Բատայսկ, Դոնի Ռոստովի շրջան, 26-ը սեպտեմբերի, 2022թ.

Սեպտեմբերի 21-ից՝ երկրում մասնակի զորահավաքի մասին Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո, Ռուսաստանի տարածքը լքել է արական սեռի ավելի քան 260 հազար քաղաքացի: Այդ մասին է հայտնել «Նովայա Գազետա. Եվրոպա» կայքը, որի համաձայն՝ տվյալը փոխանցել է Կրեմլի աշխատակազմի մի անանուն պաշտոնյա: Վերջինս, իր հերթին, նշել է, որ թիվը Անվտանգության դաշնային ծառայությունից է ստացել:

Թիվն ակնհայտորեն հակասում է իշխանամետ լրատվամիջոցների ռեպորտաժներին այն մասին, որ արձագանքելով հայրենիքը պաշտպանելու՝ գերագույն գլխավոր հրամանատարի կոչին, ահել ու ջահել, ինժեներ և ուսանող, վետերան և Պետական դումայի պատգամավոր, մաթեմատիկոս և աստղագետ, կոմբայնավար և կոմպոզիտոր նետվել են հավաքագրման կենտրոններ և մեկմեկու հրելով փորձում են առաջինը հայտնվել զինկոմի սենյակում ու համոզել, որ իրենց հենց հիմա ուղարկեն ուկրաինական ռազմաճակատ:

Դեպի Վրաստանի հետ սահմանային անցակետ տանող ճանապարհին հազարավոր ավտոմեքենաների հսկայական բազմակիլոմետրանոց խցանումը նույնիսկ տիեզերքից է երևում, ինչի մասին արբանյակների լուսանկարներն են վկայում:

Ըստ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ մասնակի զորահավաքով բանակին կմիանա մոտ 300 հազար զորակոչիկ:

Ընդ որում, որոշ աղբյուրներ պնդում են, թե հրամանագրի գաղտնի, չհրապարակված կետով անհրաժեշտության դեպքում կհավաքագրվի մինչև մեկ միլիոն մարդ:

Բայց 300 հազար տղամարդկանց զինվորագրումն էլ, ըստ տնտեսագետ Տատյանա Միխայլովայի, Ռուսաստանում կհանգեցնի խիստ բացասական հետևանքների:

Պատասխանելով «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» կայքի լրագրողի հարցերին՝ Միխայլովան ասել է, որ վնասը կզգացվի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ կտրվածքով:

«Նախ՝ տնտեսական համակարգից դուրս են հանում ինչ-որ տեղ աշխատողի և ինչ-որ բան արտադրող կամ ծառայություններ մատուցող որոշակի մեծ թվով մարդկանց։ Դա նշանակում է, որ երկրի համախառն ներքին արդյունքը ճիշտ այդ չափով կնվազի», - ասել է Միխայլովան:

Բացի այդ, կա անուղղակի ազդեցություն: Այսօրվա պայմաններում աշխատանքի արդյունավետությունը նվազել է, մարդիկ չեն աշխատում, նորություններ են կարդում և փորձում են կա՛մ խուսափել զորահավաքից, կա՛մ ինչ-որ եղանակով վերապրել այն, լուծել իրենց հարցերը:

Երկրորդ հանգամանքի ազդեցությունը կնկատվի տեսանելի ապագայում: Մարդիկ աշխատել են, ընտանիքներ կազմել, երեխաներ ունեցել, ինչ-որ ծրագրեր նախաձեռնել, ասենք՝ բնակարանի գնում կամ տան վերանորոգում, գուցե արդեն շինանյութ են գնել, վարկ վերցրել, երազել են ինչ-որ անձնական ապագայի մասին:

«Հիմա այդ ամենը տակնուվրա է: Հսկայական թվով մարդկանց ծրագրերը չեղարկվում են, որովհետև ոչ ոք պատկերացում չունի ապագայի մասին: Եթե մեկը հրաժարվում է շինանյութ գնել, ապա տուժում է նաև այն վաճառողը: Այդպես բոլոր ոլորտներում տնտեսական-ֆինանսական ակտիվությունն էապես կնվազի: Մասնակի զորահավաքն առաջացնում է բացասական հանգամանքների բազմապատկում, և այն ազդելու է ամբողջ հանրության վրա, դա կոչվում է «բացասական մուլտիպլիկատոր»: Եթե պատերազմը ձգձվի, դա քայքայիչ կլինի Ռուսաստանի համար», - ասել է տնտեսագետը:

Եվ, ըստ նրա, կա ամենաողբերգական հանգամանքը՝ երբ մեծ թվով երիտասարդ տղամարդիկ են զոհվում, անխուսափելի է ժողովրդագրական ճգնաժամը:

«Այս անիծյալ պատերազմի պատճառով վերստին կառաջանա պահանջված տարիքի տղամարդկանց պակաս, ինչը կսահմանափակի Ռուսաստանում ընտանիքներ կազմելու հնարավորությունը, կնվազի ծնելիությունը և նորից կքայքայվի հանրության բուն սոցիալական կառուցվածքը», - ասել է տնտեսագետ Տատյանա Միխայլովան:

XS
SM
MD
LG