Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ – ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ, այսօր առավոտյան հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր: Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 8-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով», - ասաց Արամ Թորոսյանը:
Հայաստանի Զինված ուժերը ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, նշեց խոսնակը:
«Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասաց Թորոսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, իր հերթին, պնդում է, թե «հայկական կողմը, չնայած կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը», գիշերը և այսօր առավոտյան հրետակոծել է Լաչինի և Քելբաջարի շրջանում իրենց դիրքերը:
Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: