Մատչելիության հղումներ

Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանը մոտակա օրերին ռազմական սադրանքների դիմի


Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հերքեց ադրբեջանական կողմի պնդումները։ Ադրբեջանն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հայտարարում է, թե հայկական կողմը կրակում է իր դիրքերի ուղղությամբ։

«Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդագրություն է տարածել՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն», - ասաց Արամ Թորոսյանը:

Ադրբեջանական կողմն այսօրվա հաղորդագրությունում Քելբաջարի դիրքերն է նշել, այդ հատվածին մոտ է նաև Վերին Շորժա համայնքը։ Կրակոցների ձայներ չեն լսել, «Ազատությանը» վստահեցրեց համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ Գյուղացիները դաշտում աշխատում են, ցորեն են հնձում, գնդակոծության դեպքում անհնար կլիներ, ասաց գյուղապետը։

«Նման բան չկա, էս պահին հունձ ենք անում, ցորեն ենք հնձում», - նշեց Երանոսյանը:

Չնայած թե՛ պաշտոնապես, թե՛ սահմանի այդ հատվածում ապրող մարդիկ հերքում են կրակոցների ու լարվածության մասին լուրերը, Ադրբեջանը սեպտեմբերի 2-ից ամեն օր նման հաղորդագրություններ է տարածում։ Այսօր էլ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է բանակին հրամայել՝ «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովի հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են բոլոր զորամիավորումների, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող խորհրդակցություններին մենք հետևում ենք և այդ մասով որևէ մեկնաբանություն չունենք», - ասաց Թորոսյանը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի՝ այդպիսով՝ ստիպելով Հայաստանին կատարել իր գլխավոր պահանջը՝ զինաթափել Արցախը։

«Եթե հիշում եք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսին հայտարարել էր, որ սեպտեմբերին հայկական ինչ-որ զինված ստորաբաժանումներ են դուրս գալու Արցախից, պարզ է, որ Արցախում զինված ստորաբաժանումներ չկային ու չկան, և խոսքը հավանաբար վերաբերում էր հենց Պաշտպանության բանակի զինտեխնիկային, կարծում եմ, այս էսկալացիայի միջոցով Ադրբեջանը փորձում է ստիպել, որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա: Կարծում եմ, ցավոք սրտի, այո, մոտակա օրերին Ադրբեջանը դիմելու է ռազմական սադրանքի», - նշեց Գրիգորյանը:

Չորս օր առաջ ադրբեջանական կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը։ Եթե Ադրբեջանը գործի անցնի, որն է Հայաստանի անելիքը։ Քաղաքագետն ասում է՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում կառավարությունն անելիք ուներ՝ պետք է բանակը վերականգներ, այնինչ այդ ուղղությամբ քայլ չեն արել։

«Հնարավոր էր ինչ-որ առարկայական քայլեր կատարել, բայց տեսնում ենք, որ իշխանությունները նստած ինչ-որ միջազգային հանրության հետ դիրքորոշումների նույնականացման ուղղությամբ են աշխատում: Ես որևէ իրական քայլ զինված ուժերի վերականգնման ուղղությամբ չեմ տեսնում: Հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց ես չեմ տեսնում, որ ինչ-որ բան արվել է», - ընդգծեց նա:

Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու հարցում նշանակություն չի ունենա նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը։ Նորանշանակ համանախագահը հինգաշբթի օրվանից է Երևանում, որտեղից մեկնում է Թբիլիսի և Բաքու։

Այսօր ամերիկացի դիվանագետը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր: Կառավարությունը առանց մանրամասների, հայտնում է, որ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ, Ռիքերը և Փաշինյանը անդրադարձել են հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցին։

XS
SM
MD
LG