Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:
Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծելով ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, կարևորել է ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը և վերջինիս փորձի օգտագործումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ, Ռիքերը և Փաշինյանը անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Ֆիլիպ Ռիքերին այսօր ընդունել է նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը, անդրադարձել այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին: Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:
Ֆիլիպ Ռիքերը Երևան է ժամանել սեպտեմբերի 8-ին: Նա տարածաշրջանային այցի շրջանակում լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում: