Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար. Հաջիև


Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար», - հայտարարել է Հաջիևը` շեշտելով, որ եթե Երևանը ցանկանում է այդ հարաբերությունները հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից` այն է. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև զերծ մնան ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ»:

Նրա խոսքով` այն ժամանակ, երբ «Հայաստանը վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին», հնարավոր կլինի առաջ շարժվել:

Բաքվի Երևանին փոխանցված առաջարկները Երևանը համարել է ընդունելի, բայց ոչ ամբողջական և լրացրել է առաջարկներով` բարձրաձայնելով իր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում ընդգրկելու Հայաստանի առաջարկին Ադրբեջանից այդպես էլ չէին արձագանքել, իսկ հինգշաբթի վարչապետի՝ Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին ելույթից հետո միայն Բաքուն նորից հայտարարեց, որ կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։

XS
SM
MD
LG