Մատչելիության հղումներ

Բաքուն նոր առաջարկներ է ներկայացրել Հայաստանին, սպասում է պատասխանի


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երևանին և հիմա սպասում է պատասխանի։ «Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։

Բայրամովը առաջարկների բովանդակությունը չի գաղտնազերծել, բայց հայտնել է որոշ մանրամասներ։ Ըստ այդմ, խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից։

«Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան»,- ասել է նա, հավելելով, թե «փաստաթուղթը վերջերս է ներկայացվել»։ Թե ում միջոցով և կոնկրետ երբ՝ Ադրբեջանի արտգործնախարարը չի ասել, փոխարենը նշել է, որ սա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին «Հայաստանը չէր արձագանքել»։

«Նախագահ Ալիևը մեկ տարի առաջ հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, սակայն Հայաստանից մեր առաջարկին ոչ մի արձագանք չեղավ։ Որպես բարի կամքի դրսևորում՝ ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ ներկայացրեց: Դա համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին ներկայացրել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք, ըստ էության, ներառում են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»։

Թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բացի այդ սկզբունքները էլ ինչ հարցերի են առնչվում, Բայրամովը չի ասել։ Սակայն նշել է, թե «Հայաստանի պատասխանը պարզ կլինի շուտով», ինչից հետո Բաքուն կձեռնարկի «համապատասխան քայլեր»։

Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել, Բաքվի առաջարկները չի մեկնաբանել։ Բայրամովի հարցազրույցից ժամեր առաջ, սակայն, Արտգործնախարարությունը անակնկալ հայտարարել էր, թե Երևանը առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։

Արտգործնախարարության խոսնակը, մասնավորապես, հայտնել էր՝ քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի բանակցային գործընթաց, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ միջնորդներին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

«Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - հայտարարել էր Վահան Հունանյանը՝ առանց հավելյալ մանրամասների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG