Մինչ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված պահեստազորայինների ծնողները պահանջում են նախքան Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները հայրենիք վերադարձնել իրենց զավակներին, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրավական ճանապարհով արել են ամեն ինչ՝ նրանց վերադարձի համար։ Խոստովանում են նաև, որ այդ ճանապարհն առայժմ արդյունք չի տվել։
Ադրբեջանը հաստատում է, որ իր տարածքում միայն 38 ռազմագերի կա, որոնց մեծ մասին ծանր հանցագործությունների համար դատապարտել է մի քանի տարուց մինչև 20 տարվա ազատազրկման։ Բաքուն հրաժարվում է նրանց վերադարձնել՝ պնդելով, թե նրանք ռազմական հանցագործներ են։
Կառավարության Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է՝ թե՛ Եվրոպական դատարանը, և թե՛ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշել են դուրս չգալ իրենց սահմանած շրջանակներից՝ Ադրբեջանից չպահանջելով վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Մենք կարծում ենք, որ որևէ բան ՄԻԵԴ-ին չէր արգելում կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև կարծում ենք, որ ընդհանրապես միջազգային իրավունքի տրամաբանության մեջ նաև Արդարադատության միջազգային դատարանը կարող է անել, բայց միջազգային դատարանները, բնականաբար, ունեն որոշակի սահմանփակվածություն և որոշակի պահպանողականություն, դա նաև դրսևորվում է ՄԻԵԴ-ի դեպքում, ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները կամ էդ ժամանակավոր միջոցներն ունեն որոշակի հստակ շրջանակ, որոնցում նա կիրառում է», - ասաց Կիրակոսյանը։
Եվրոպական դատարանը միջանկյալ որոշումներով Ադրբեջանին պարտավորեցրել է պաշտպանել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված ու դեռևս հայրենիք չվերադարձված ռազմագերիների կյանքի իրավունքը, ինչպես նաև՝ նրանց զերծ պահել խոշտանգումներից, ասում է Կիրակոսյանը։
Ինչ վերաբերում է Հաագայի արդարադատության դատարանին, ապա այն հարցին անդրադարձել է ռասայական խտրականության ենթատեքստում՝ ևս չբարձրացնելով նրանց վերադարձի պահանջը։
Այս միջազգային դատարանը ևս միջանկյալ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել գերեվարված մարդկանց անվտանգությունը, քայլեր ձեռնարկել՝ կանխելու ծագումով հայերին ուղղված ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու նպաստումը։ Երկու դատարաններում էլ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ հայցեր են ներկայացրել, որոնց քննությունը կարող է տարիներ տևել։
«Կհիշե՞ք, վերադարձի պահանջ մենք ներկայացրել էինք Արդարադատության միջազգային դատարանին՝ հիմնվելով կենվենցիայի էդ նույն պահանջների վրա՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիաքյի դրույթների հիման վրա, դատարանն անդրադարձավ վերադարձի պահանջին, դատարանը նշեց հետևյալն, ասաց, որ «ինքը չի կարող պարտավորեցնել վերադարձ ապահովել, որովհետև վերադարձի ապահովելու պարտականությունը բխում է մարդասիրական իրավունքի դրույթներից, սակայն դատարանը գործում է ռասայական խտրականության վերացման բոլոր ձևեր կոնվենցիայի շրջանակներում, իսկ էդ կոնվենցիայի շրջանակներում վերադարձի դրույթ չկա», - ասաց Կիրակոսյանը։
Ադրբեջանի հաստատած ռազմագերիների մեծ մասը՝ 31-ը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո Արցախի Խծաբերդ գյուղի մոտից։ Նրանք Շիրակի մարզից են։ Մինչև 2020-ի դեկտեմբերն այդ տարածքը դեռ հայկական կողմի վերահսկողության տակ էր։
Անցած շաբաթ կայացած ասուլիսում վարչապետ Փաշինյանը շեշտել էր, որ այս պահին եղած գերիների մեծ մասը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է գերեվարվել։
Այս հայտարարությունից հետո շիրակցի պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիաներ անցկացրեցին ինչպես Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսության, այնպես էլ Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի կառավարության առջև։ Ռուսական կողմին ուղղված հարցը մեկն էր՝ ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում գերիների վերադարձի ուղղությամբ։ Հայաստանի իշխանություններից էլ պահանջում էին խաղաղության օրակարգի շուրջ բանակցելուց առաջ նախ գերիներին վերադարձնել, ապա նոր սահմանազատման ու խաղաղության հարցեր քննարկել։