Սվետա Աբրահամյանը մեկ տարի ու ինը ամիս ապրում է սրտի սեղմոցով. որդին՝ Նելսոն Աբրահամյանը անհետ կորած է: Հադրութի իրենց տնից կամավոր զորամաս է գնացել ու կռվել Ֆիզուլիի կարախանբեյլի հատվածում՝ պատերազմի հենց առաջին օրը, Հադրութում պայթած առաջին արկից հետո:
«Ես առավոտ վեր կացա, որ հավերին կուտ տամ, տեսա գլխովս մի բան գնաց, ասի՝ թե զինավարժություն ա, պիտի ձորի կողմը գնա, էս ինչի գլխովս գնաց, գնաց ընկավ հարևանի մոտ», - պատմեց Սվետա Աբրահամյանը:
Մայր ու որդի Հադրութում միասին էին ապրում։ 74-ամյա Սվետա Աբրահամյանի ամուսինը արցախյան առաջին պատերազմում է զոհվել՝ 92-ին, 15 տարեկան միջնեկ որդին գրադի պայթյունից է զոհվել նույն տարում, հիմա չկա տիկին Սվետայի առաջնեկը՝ 48-ամյա նելսոն Աբրահամյանը, որ 90-ականներին էլ կռվել է Խծաբերդում ու վիրավորումներով տուն վերադարձել: Մայրը շատ տարբեր վարկածներ է լսել ու դրանցից ոչ մեկում հստակություն չկա, թե որտեղ է որդին:
«Մեկն ասում ա՝ «Հադրութ տեսել եմ», մեկն ասում ա՝ «բազարում տեսել եմ»: Իբր, որ գնացել ա դեղ վերցնի, գերի են վերցրել, ինչ են արել չգիտեմ: Տեսնող եղել ա Հադրութում, ասում ա՝ «ես Նելսոնին տեսել եմ, ասել եմ, Նելսոն, մի գնա, թուրքերը էդ ճանապարհին են», - պատմեց մայրը:
Ծառայակիցներն էլ ոչինչ չեն ասել, տիկին Սվետան ստիպված ապավինում է երազներին՝ դրանցում որդին գերի է. - «Ասացի՝ բա Նելոսնին չեք տեսե՞լ, ասում ա՝ չէ: Միշտ հեռուստացույց եմ նայում, ասում եմ, տեսնեմ, էդ սալդատների մեջին ա երեխաս կարող ա: Մի 2-3 անգամ երազում տեսել եմ՝ ոտքերը կապած, ասում եմ՝ «Նելսոն, ինչի՞ չես գալիս», ասում ա՝ «մամ չես տեսնում ոտքերս կապած են»:
Նելսոն Աբրահամյանը դատարանի վճռով անհայտ բացակայող է ճանաչվել, մայրը երազներին է հավատում ու կռիվ տալիս Ալիևի հետ:
Հադրութում ամեն ինչ կորցնելուց հետո դստեր հետ Արտաշատում է ապրում՝ երկու որդիները Կալուգայում ու Վորոնեժում են, մոր համար ավիատոմս են գնում, որ հյուր գնա՝ ինքը մերժում է՝ չլինի, որ որդին վերադառնա, աչքը «ման ածի» ու իրեն չտեսնի:
«Բա որ սամալյոտով գերիներին բերում են, բա որ իմ բալաս նայի, աչքերը ման ածի, տեսնի ծնողները այնտեղ են, բայց իրա մաման չկա, չի ասելու՝ իմը ո՞ւր ա: Ստեղ կմնամ, ես էլ կգնամ, տաքսի կբռնեմ կգնամ, իմ բալայի կողքին կկանգնեմ, կվերցնեմ կբերեմ», - ասաց Աբրահամյանը:
«Թող առանց ձեռքի գա, առանց ոտքի գա, միայն շունչը վրան լինի՝ ես կպահեմ», - Սվետա Աբրահամյանը սպասում է. ազատ ժամանակը լցնում է պահածոներ պահեստավորելով՝ կոմպոտներ, մուրաբաներ՝ կորած առաջնեկի համար:
Վարձով տան համար ամեն ամիս 50 հազար դրամ են վճարում, ամեն օր հիշում Հադրութի տունը. - «Դե մեր Հադրութի տունը լավ տուն ա, 5 սենյակ, հարմարությունս լավ»:
Այստեղ էլ փոքրիկ այգի կա, բոլոր պտղատու ծառերը, պոմիդորի, վարունգի տնկիները տիկին Սվետայի ամենժամյա խնամքի տակ են: Նաև 10 աշխույժ հավ ունի՝ օրական 7-8 ձու են ածում: Տիկին Սվետան մի քիչ վաճառում է, շատը՝ նվիրում: Մտքում միայն Հադրութ վերադառնալու ցանկությունն է, տնից հեռանալիս անձնագիրն ու մի տետր է վերցրել, որտեղ կարևոր հեռախոսահամարներ են՝ բոլորը Հադրութի քաղաքային՝ 55-ով սկսվող համարներ են, իր հարազատներից բացի Հադրութի տաքսիստները, փայտ բերողները, խանութպանները:
«Տետրը վերցրի, որ տեղս նեղ լինի՝ զանգեմ», -ասում է նա, հիմա տեղը նեղ է ու ոչ մի հեռախոսահամար հասանելի չէ։