Մատչելիության հղումներ

Բանակցություններ են ընթանում որոնողական աշխատանքները վերսկսելու համար. 203 հոգի մինչև այժմ անհետ կորած է


Պատերազմից մեկ տարի ու ինը ամիս անց հայտնի չէ, թե որտեղ են 183 զինծառայողներ ու Արցախի բնակավայրերում ապրող 20 խաղաղ բնակիչներ: 203 հոգի մինչև այժմ անհետ կորած է:

«Ոչ մեկը ստույգ տեղեկություն չի տալիս, երեք օր ինքը վիրավոր վիճակում կապ ա ունեցել մեր հետ», - նշեց Արմեն Մելքումյանի հայրը՝ Անդրանիկ Մելքումյանը:

Ստեփանակերտցի Անդրանիկ Մելքումյանը որդուց ոչ մի տեղեկություն չունի՝ 2020 -ի հոկտեմբերի 16-ից սկսած, վերջին անգամ, երբ խոսել է հետը, բժիշկ որդին վիրավոր էր երկու ոտքից: Հասնել ու հանել նրան պատերազմի գոտուց հնարավոր չի եղել, հետո էլ հայրը փրկարարների հետ որոնումներին է մասնակցել՝ անարդյունք:

«12 անգամ գնացել եմ որոնողական աշխատանքներին, բայց ոչ մի հետք չկա»​, - ասաց Մելքումյանը:

Անհայտ կորածների հարազատներից շատերը նաև ԴՆԹ փորձաքննության դժոխքով են անցել և թեթևացել, երբ որևէ նույնականացում չի եղել՝ հույսով, որ որդին, ամուսինը, եղբայրը գերության մեջ է։

Արցախի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովում տեղեկություն ունեն, որ Արցախի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը հուղարկավորություններ է արել՝ բանակցում են որոնողական աշխատանքները վերսկսելու համար, ասաց Արցախի ներքին գործերի նախարարի մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Դա Վարանդայի շրջանն է, Հադրութի շրջանն է, Ջրականի այդ տարածքներում դեռևս ունենք հստակ տվյալներ, որ այդ ուղղություններով դեռևս անհայտ կորածներ կան», - ասաց Թադևոսյանը:​

Ամիսներ ի վեր ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս փրկարարներին մտնել իրենց հսկողության տակ անցած տարածքներ, թեպետ, ըստ Թադևոսյանի, բոլոր հնարավոր ուղղություններում բազմիցս զննել են, մասունքներ այլևս չէին հայտնաբերվում, այժմ պետք է փնտրեն հողի տակ:

«Այս պահի դրությամբ ռուսական և ադրբեջանական կողմերի հետ տարվում են համապատասխան բանակցություններ, դրական տեղաշարժ կա: Այս դեպքում պետք է նաև ադրբեջանական կողմը միջամտի և օգնի, որպեսզի տեղերը ցույց տա, թե որտեղ են զինվորներին հուղարկավորել, որից հետո արդեն մասունքները պետք է տեղափոխվեն հայկական տարածք», - ընդգծեց Հունան Թադևոսյանը:

Դատաբժշկական կենտրոնում ԴՆԹ առաջնային փորձաքննություններ այլևս չեն կատարվում, քանի որ նոր մասունքներ չկան:

«Մնացել են նմուշներ, որոնցից ԴՆԹ չի անջատվել, դեռ փորձում ենք», - ասաց Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը:

Որոնողական աշխատանքի վերսկսումը գուցե հստակություն մտցնի անհայտ կորածների ճակատագրի հարցում: Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանն ասում է՝ հուղարկավորված մարմնի նույնականացման հավանականությունն ավելի մեծ է, քան շուրջ 20 ամիս բաց տարածքում մնացած մասունքինը:

«Երկու տարվա մեջ երկու անգամ տարվա չորս եղանակները այդ ոսկրային հյուսվածքների վրա ազդել են ԴՆԹ-ի քայքայման տեսակետից, սակայն հողի մեջ, իհարկե, հավանականությունը շատ ավելի մեծ է, որ մենք կունենանք ԴՆԹ բնութագրեր», - ընդգծեց Բաղդասարյանը:

Պաշտոնական տվյալով՝ արցախյան վերջին պատերազմում հայկական կողմը 3826 զոհ է ունեցել, նրանցից 1435-ի ինքնությունը պարզվել է գենետիկ փորձաքննության միջոցով: Նրանցից շուրջ հարյուրը շարունակում են մնալ Մեծամորի դիահերձարանի սառնարանային դարակների վրա, ծնողները հրաժարվում են ընդունել իրականությունն ու մասունքը հողին հանձնել:

«Մենք մեր հավաստիության վրա չենք կասկածում, ուղղակի կարծում եմ, հոգեբանական պահ կա այդտեղ ու կարծում եմ, որ շատ մեծ աշխատանք կլիներ այն ծնողների, որոնք տարել էին դուրս, ունեցել էին նույնականացումներ, մեկը մյուսի հետ կապ ունի, մեկը մյուսին ասեին, որ մարդիկ ճիշտ են աշխատել, եկեք տանենք հուղարկավորենք», - ընդգծեց Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչը:

Սվետա Աբրահամյանի որդին էլ չկա, դստեր հետ փնտրել են բոլոր դաժան հասցեներում։ Եթե ԴՆԹ համընկնում չկա, ուրեմն գերի է, հավատում է անհետ կորած Նելսոն Աբրահամյանի մայրը. «Օրերից մի օր կգա, երբ կլինի՝ չգիտեմ: Հա, սիրտս ասում ա, որ գերի ա»:​

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG