Բաքուն հայ ռազմագերիներին որպես քաղաքական զենք է օգտագործում, և Երևանը միջազգային հանրությունից հասցեական, վճռական արձագանք է ակնկալում, Պրահայում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարար Միրզոյանը հանդիպել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի հետ, որի երկիրը այս ամսվա սկզբին կես տարով ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հանդիպմանը հաջորդել է երկու պաշտոնյաների համատեղ ասուլիսը։
Հայաստանի դիվանագիտության ղեկավարն ասաց՝ չեխ պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 44-օրյա պատերազմի հետևանքները։
«Ես ներկայացրել եմ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ջանքերը»,- ասաց Միրզոյանը` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական լուծման հարցում։
Հակամարտության գոտում, շեշտել է նախարարը, 44-օրյա պատերազմի հետևանքները մինչ օրս չեն վերացել, Ղարաբաղում մարդասիրական խնդիրները մնում են չլուծված. «Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերիներին: Ադրբեջանը նրանց որպես քաղաքական զենք է օգտագործում»։
Արարատ Միրզոյանը խոսեց նաև Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականության մասին, ասաց` Երևանն ակնկալում է այդ հարցերում միջազգային հանրության վճռական և հասցեական արձագանքը։
Չեխիայի արտգործնախարարը հավաստիացրեց` Պրահան ինչպես երկկողմ շփումներում, այնպես էլ միջազգային հարթակներում մշտապես բարձրացնում է հայ գերիների հարցը, ընդգծում, որ միջազգային մարդասիրական իրավունքները պետք է հարգվեն։
Ի տարբերություն արտաքին քաղաքական ոլորտի, որտեղ խնդրահարույց հարցերը դեռ լուծված չեն, ներքին հարցերի մասին Հայաստանի դիվանագիտության ղեկավարը գոհունակությամբ խոսեց՝ հայտարարելով, որ «Հայաստանը հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում», և այս հարցում Պրահան Երևանի հուսալի գործընկերն է։
Հուսալի գործընկերոջ հետ հարաբերությունները, սակայն, դեռ բավարար մակարդակի չեն հասել. մոտ երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների պատմություն ունեցող Հայաստանն ու Չեխիան, Միրզոյանի խոսքով, այսօր պայմանավորվել են նոր մակարդակի հասցնել շփումները՝ ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել տնտեսական համագործակցությունը, առևտուրը, ներդրումները։