Մատչելիության հղումներ

Ռաֆայել Գրոսսիի թիմն այս շաբաթ կհասնի Զապորոժիե


ԱՏԷՄԻԳ-ի թիմը Ռաֆայել Գրոսսիի առաջնորդությամբ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ:
ԱՏԷՄԻԳ-ի թիմը Ռաֆայել Գրոսսիի առաջնորդությամբ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ:

«Օրը եկել է, պարտավոր ենք երաշխավորել ԱԷԿ-ի անվտանգությունը»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ փորձագետների թիմն իր ղեկավարությամբ այս շաբաթ կհասնի Զապորոժիեի ԱԷԿ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Օրը եկել է: Զապորոժիեի ԱԷԿ-ին աջակցության և օգնության առաքելությունը ճանապարհին է, մենք պարտավոր ենք երաշխավորել Ուկրաինայի և Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի անվտանգությունը: Հպարտ եմ առաջնորդելու այս առաքելությունը»,- Թվիթերում հայտնել է ԱՏԷՄԻԳ-ի ղեկավարը:

Ռաֆայել Գրոսսի
Ռաֆայել Գրոսսի

Մերթ ընդ մերթ սաստկացող մարտական գործողությունները սպառնում են ԱԷԿ-ին, որն ունի վեց ռեակտոր և միջուկային թափոնների պահեստ: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում կայանի շուրջ մարտական ակտիվության համար:

Ըստ Կիևի, ռուսներն այնտեղից կրակ են բացում ուկրաինական թիրախների ուղղությամբ, գիտակցելով, որ ուկրաինացիները չեն համարձակվի պատասխանել ու վտանգել կայանը:

Կողմերը միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում կրակ բացելու համար

Այդ ԱԷԿ-ն իսկապես բարդ կացության մեջ է՝ ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, սակայն չեն մտել բուն Զապորոժիե քաղաք: Նրանք հսկողության տակ են վերցրել Էներգոդարը՝ ավան, որը կառուցվել է հատուկ ատոմակայանի աշխատակիցների համար: Ռուսները ստորաբաժանում և մարտական տեխնիկա են տեղակայել հենց ատոմակայանի տարածքում, իսկ ԱԷԿ-ի աշխատող անձնակազմն ուկրաինացիներն են:

2014 թվականի դրությամբ այնտեղ աշխատել է ավելի քան 11 հազար մարդ: Երեկ երեկոյան վերստին հրետակոծություն էր: Երկու կողմերն էլ պնդում են, թե դրանց նպատակն է տապալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմի այցը: Զոհվել է առնվազն 9 մարդ:

Էներգոդարի Կիևին հավատարիմ քաղաքապետ Դմիտրի Օրլովը Տելեգրամ-ալիքում գրել է, որ հարվածի տակ են հայտնվել ավանի 3-րդ և 5-րդ թաղամասերը:

Մինչդեռ, Զապորոժիեի շրջանում ռուսների կողմից նշանակված ղեկավար Եվգենի Բալիցկին հաղորդել է, որ հարվածները հասցրել են ուկրաինացիները, 9-ը զոհից բացի ևս երկու մարդ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի փոխանցմամբ, ռուսները սադրանքների են դիմում և շանտաժի են ենթարկում ամբողջ աշխարհը, հրետակոծում են Նիկոպոլը և Մարգանեցը և ապա կրակ բացում Էներգոդարի վրա, պնդելով, թե դա ուկրաինացիներն են արել:

Մոսկվան էլ ամեն օր հաղորդում է ուկրաինացիների կողմից կայանի տարածքը հրետակոծելու մասին:

Մոսկվան առաջարկում է ճնշում բանեցնել Կիևի վրա

«Ճնշումն Ուկրաինայի վրա կարող է օգնել նրանց կողմից Զապորոժիեի ատոմակայանի և հարակից տարածքների հրետակոծման դադարեցմանը: Ռուսաստանը հետաքրքրված է ԱՏԷՄԻԳ-ի թիմի առաքելությամբ և մասնակցել է այցի նախապատրաստմանը, մենք բաց ենք համագործակցության և ներգրավվածության համար, տեղում կքննարկվի հաջորդ գործողությունների հարցը, ամեն ինչ կախված է մանրուքներից»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռուսները երեկ Զապորոժիեի օդային տարածքում վայր են գցել մի ուկրաինական ԱԹՍ, որի թիրախն, իբր, ԱԷԿ-ն էր:

«Զապորոժիեի ատոմակայանի տեխնիկական անձնակազմը շարունակում է հսկել և ապահովել աշխատանքը, ճառագայթման վիճակը կայուն է», - ասել է գերատեսչության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Ատոմակայանի աշխատակիցները կես տարի սթրեսի տակ են

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Գրոսսին և նրա թիմը պետք է պարզեն, թե ինչ աստիճանի ֆիզիկական վնաս է հասցվել կառույցին, ստուգեն անվտանգության համակարգերի աշխատանքը, հասկանան, թե ինչ վիճակում են մոտ կես տարի աներևակայելի սթրեսի տակ գտնվող ԱԷԿ-ի աշխատակիցները, տեղում իրականացնեն հրատապ երաշխիքային գործողություններ:

1986 թվականի ապրիլի 26-ին Չերնոբիլի ատոմակայանի սարսափելի աղետից հետո Ուկրաինան միջազգային հանրության օգնությամբ ամրացրել է ԱԷԿ-ները, հաստատվել և գործում են անվտանգության ապահովման խիստ ընթացակարգեր:

Համալիրը և դրա ամենակարևոր շինությունը՝ ռեակտորը, տեսականորեն կարող են դիմանալ ռումբերի և հրթիռների հարվածներին, կպահպանվեն նույնիսկ եթե մեծ օդանավ ընկնի դրանց վրա:

Բայց միտումնավոր կամ պատահական հարվածներից կարող են տուժել ռեակտորի անվտանգ աշխատանքն ապահովող հովացման, հոսանքի և ջրի մատակարարման հանգույցները, և այդ դեպքում առանց ռուսական կամ ուկրաինական ռումբի հարվածի էլ ռեակտորը կարող է տաքանալ և պայթել:

Չափահասին յոդի մեկ հաբ, երեխաներին՝ կես

Իսկ ի՞նչ կլինի, եթե իրականություն դառնա ամենահոռետեսական սցենարը: ԱԷԿ-ից 55 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զապորոժիե քաղաքում իշխանությունը բնակիչներին յոդի հաբեր է բաժանում: Ենթադրվում է, որ յոդն օգնում է օրգանիզմին ճառագայթման դեպքում:

«Մեզ ասել են, որ չափահասը պետք է մեկ հաբ խմի, ունեմ 8 տարեկան երեխա, նրան էլ կես հաբ է հասնում»,- ասել է Զապորոժիեի բնակիչ Վիտալին:

«Եկել եմ յոդ ստանալու, շատ երախտապարտ ենք, որ կարող ենք այսպես գալ և վերցնել հաբերը, շնորհակալություն ձեզ»,- ասել է Օլհա անունով բնակիչը:

«Սա կանխարգելիչ միջոց է: Հաբը պետք է խմել միայն երբ այդ մասին կարգադրություն կտա իշխանությունը, անցած շաբաթվանից ենք բաժանում յոդը, այն արդեն ստացել են մոտ 8.5 հազար բնակիչներ, նրանց թվում՝ 2.5 հազար երեխաներ»,- ասել է Զապորոժիեում աշխատող բժշկուհի Լիլիա Կոլեսնիկը:

Վեց ռեակտորներից երեքը հիմա աշխատում են, դրանցից մեկի կամ թափոնների պայթյունը մղձավանջ կառաջացնի: Հենց դա կանխելու համար էլ Գրոսսիի թիմը մեկնում է ԱԷԿ, իսկ այսօր մարդիկ մնում են յոդի հույսին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG