Մատչելիության հղումներ

Գուտերեշը պահանջել է դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծումը


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր միջազգային օրակարգ է մտել միջուկային աղետի վտանգը։ Ընդ որում, խնդիրը ոչ միայն ենթադրություններն են, թե ինչ-որ պահի ռուսական կողմը կարող է միջուկային զենք կիրառել, այլ այն փաստը, որ Ուկրաինայի տարածքում կան գործող ատոմակայաններ, որոնց մերձակայքում հիմա մարտեր են ընթանում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջել է դադարեցնել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի` Զապորոժիեի հրթիռակոծումը, որն այժմ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, և թույլ տալ այնտեղ մուտք գործել միջազգային տեսուչներին։

«Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է», - այսօր հայտարարել է Գուտերեշը Ճապոնիայում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ասուլիսում` հավելելով. «Կարծում եմ, որ եթե միջուկային զենք օգտագործվի, ապա, ամենայն հավանականությամբ, այլևս ՄԱԿ չի լինի, որ ինչ-որ կերպ արձագանքի դրան»:

Նախօրեին Ուկրաինայի «Էներգոատոմ»-ը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին ռուսական զինված ուժերը հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Զապորոժիեի ատոմակայանի և Զապորոժիեի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Էներգոդար քաղաքի վրա։ Իր հերթին, ռուսների վերահսկողության տակ գտնվող Էներգոդարի ինքնահռչակ վարչակազմը գնդակոծության մեջ մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին։

Նախագահ Զելենսկին էլ նախօրեին կոչ է արել Զապարոժիեի ատոմակայանի ռմբակոծության համար պատժամիջոցներ սահմանել նաև Ռուսաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի դեմ։

Պատերազմական իրավիճակը

Իսկ մինչ այդ Ուկրաինայում նորանոր մարդիկ են զոհվում ոչ միջուկային զենքից։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միայն Դոնեցկի մարզում զոհվել է 10 խաղաղ բնակիչ, ևս 25-ը վիրավորվել են։ Չի դադարում նաև Բախմուտի հրետակոծությունը։ Կատաղի մարտեր են նաև հարավում՝ Խերսոնի մարզում, որտեղ ուկրաինական ուժերը պատրաստվում են ուժգին հակագրոհի, իսկ ռուսական ուժերն էլ նոր ստորաբաժանումներ են այստեղ տեղակայում։

Միևնույն ժամանակ Մոսկվան ուզում է հնարավորինս շուտ օկուպացված Խերսոնի և Զապարոժիեի մարզերում հանրաքվե անցկացնել։ Թե կոնկրետ երբ է լինելու քվեարկությունը, պաշտոնապես դեռ չի հայտարարվել։ Ուկրաինայի նախագահը, սակայն, արդեն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը նման քայլի դիմի, Կիևն այլևս չի գնա Մոսկվայի հետ բանակցությունների. «Մենք մեր տարածքներից ոչինչ չենք տա, և եթե օկուպանտները գնան այս կեղծ հանրաքվեների ճանապարհով, ապա իրենք իրենց համար կփակեն Ուկրաինայի և ազատ աշխարհի հետ բանակցությունների ցանկացած հնարավորություն, ինչը որոշակի պահի ռուսական կողմին անպայման պետք կգա»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով նախագահ Զելենսկու այս հայտարարությունը, այսօր ասել է, թե Կրեմլը չի զբաղվում հանրաքվեով, և Զելենսկին պետք է իր հայրենակիցներից հարցնի, թե ինչու նրանք չեն ուզում ապրել Ուկրաինայի իշխանությունների կառավարման ներքո։

Այս պահին ռուսական զորքերը վերահսկում են Խերսոնի շրջանի գրեթե ողջ տարածքը՝ շրջկենտրոնով և Զապորոժիեի շրջանի մոտ 60 տոկոսը, մինչդեռ Զապորոժիե քաղաքը շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության տակ։

Պուտինի և Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ չկան. Պեսկով

Կողմերի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորություն դեռևս չի նշմարվում: Թեև Թուրքիայի նախագահ էրդողանը Պուտինի հետ չորս ժամ շարունակված բանակցություններից հետո նախօրեին հերթական անգամ Կիևին ու Մոսկվային առաջարկել է վերսկսել բանակցությունները Թուրքիայում։

Այսօր Կրեմլի խոսնակն ասել է` Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Էրդողանի ջանքերը, սակայն այս պահին Պուտինի և Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG