Այս գիշեր ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Խերսոնի մերձակայքում գտնվող Անտոնովսկի կամուրջը, որն այժմ գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։ Այս հարվածներով Ուկրաինայի բանակը փորձում է անանցանելի դարձնել դեպի Խերսոն տանող երեք կամուրջները, որպեսզի ռուս զինվորականները չկարողանան հետագա հարձակման համար տեխնիկա տեղափոխել քաղաք։
Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Նաև «Վագներ» մասնավոր բանակի բազային Սևերսկ-Բախմուտ գծի արևելքում։ Ռուսական Telegram ալիքները հայտնել են, որ հարվածի հետևանքով «Վագներ» խմբավորումը զգալի կորուստներ է կրել։ Ռուսական զորքերն իրենց հերթին ցամաքային հարձակումներ են իրականացրել Խարկովից հյուսիս, Սլավյանսկից հյուսիս-արևմուտք:
Ըստ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի, ռուսները գրավել են մի գյուղ, որտեղ մինչ պատերազմը ապրում էր 1400 մարդ:
«Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրվել է Խարկովի մարզի Ուդի բնակավայրը», - նշել է Կոնաշենկովը:
Չեն դադարում ռմբակոծությունները նաև Զապորոժիեի ատոմակյանի մերձակայքում՝ լրջագույն վտանգ ստեղծելով ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի բնակչության համար։ Նախօրեին 42 պետություն միահամուռ հորդորել էր Ռուսաստանին դուրս բերել ուժերը այդ տարածքից։ Ի պատասխան, Զապարոժիեի օկուպացիոն վարչակազմն այսօր առաջարկել է ոչ թե ապառազմականացված գոտի ստեղծել, ինչպես ՄԱԿ-ն է առաջարկում, այլ՝ հրադադար հաստատել ատոմակայանի շուրջ և ամենախիստ պատժամիջոցներ սահմանել միջուկային կառույցը գնդակոծելու համար։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ այսօր կրկնել է ռուսական կողմի դիրքորոշումն առ այն, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի ՄԱԳԱՏէ -ի մասնագետները կարողանան այցելել ատոմակայան:
«Գործակալության և նրա ղեկավարության հետ սերտ համագործակցելով՝ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները գտնվեն կայանում և ճշմարիտ գնահատական տան ուկրաինական կողմի ապակառուցողական գործողություններին», - ասել է Զախարովան։
Եվրոպայի ամենամեծ այս ատոմակայանը ռուսների վերահսկողության տակ է մարտից։ Մինչ օրս, սակայն, տեղում շարունակում են աշխատել ուկրաինացի մասնագետները։ Վերջին շաբաթներին հրետանային գնդակոծությունից հետո մի քանի անգամ արկեր են ընկել կայանի տարածքում, Կիևն ու Մոսկվան դրանում միմյանց են մեղադրում։
Զելենսկին հորդորում է զրկել ռուսաստանցիներին արևմտյան երկրներ ճամփորդելու հնարավորությունից
Ուկրաինայի նախագահը նախօրեին կրկին պնդել է՝ ռուսական զորքը օգտագործում է ռազմավարական այդ օբյեկտը՝ սեփական նպատակներին հասնելու համար:
«Յուրաքանչյուր ռուս զինվոր, որ կրակում է Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ, կամ՝ օգտագործում է այդ կայանը պատսպարվելու համար, պետք է իմանա, որ հայտնվելու է մեր հետախուզության, մեր հատուկ ուժերի, մեր բանակի թիրախում», - հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է անում միջազգային հանրությանը պատժել ոչ միայն պատերազմի և ագրեսիայի համար պատասխանատու պաշտոնյաներին, այլև շարքային ռուսաստանցիներին: Զելենսկին, մասնավորապես, հորդորում է զրկել նրանց արևմտյան երկրներ ճամփորդելու հնարավորությունից, ինչպես նաև վտարել եվրամիությունում ապրող ռուսաստանցիներին։
«Երբ չարությունը նման չափեր է ստանում, մարդկանց լռությունը մոտենում է մեղսակցության աստիճանին։ Իսկ չարի դեմ իրական պայքարից հրաժարվելը նրան օգնություն է դառնում։ Հետևաբար, եթե ունես Ռուսաստանի քաղաքացիություն և լռում ես, նշանակում է, որ չես կռվում, նշանակում է՝ աջակցում ես։ Եվ անկախ նրանից, թե որտեղ եք դուք՝ Ռուսաստանի տարածքում, թե դրսում, ձեր ձայնը պետք է հնչի ի պաշտպանություն Ուկրաինայի, հետևաբար և այս պատերազմի դեմ», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Եվրամիության առաջնորդները հայտարարել են, թե կքննարկեն այս հարցը առաջիկա հանդիպումներում, առանձին երկրներ հետևել են Զելենսկու կոչին և չեն տրամադրում տուրիստական վիզաներ ռուսաստանցիներին, միության մակարդակով որոշում, սակայն, դեռ չեն կայացրել:
Ինչքան կտևի պատերազմը՝ վերլուծաբանները կանխատեսումներ չեն անում, բանակցություններ չկան։ Կողմերը պատրաստվում են մեծ մատերի առաջիկայում։ Գերագույն Ռադան այսօր ևս երեք ամսով երկարաձգել է երկրում հաստատված ռազմական դրությունը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի հարձակումից ի վեր։