Ադրբեջանը հնարավոր է դարձյալ գնա շփման գծում իրավիճակի սրման՝ իր ցանկացածը ստանալու համար, կարծում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Ադրբեջանի հերթական պահանջը վերաբերում է Ղարաբաղից հայկական զինված ուժերը դուրս բերելուն․ օգոստոսի 9 ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է ևս մեկ անգամ կրկնել պահանջը՝ նկատի ունենալով Արցախի պաշտպանության բանակը։
Երևանից հայտարարում են, որ Արցախում հայաստանյան զորքեր չկան, Արցախն էլ նշում է, որ Պաշտպանության բանակը ինքնապաշտպանության համար է, դրանից հրաժարվելու դեպքում Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի կենթարկվեն:
Քաղաքագետի խոսքով՝ մինչ այս Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում:
«Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է իր առաջ թույլ և շատ խոցելի պետություն, բնականաբար փորձելու է նորանոր բաներ կորզել Հայաստանից, և դա անում է այս վերջին երկու տարիների ընթացքում։ Քանի դեռ մենք ատամներ չենք ցույց տվել Ադրբեջանին, իրենք անընդհատ նորանոր պահանջներ են դնելու և փորձելու են հասնել ավելիին», - ասաց Արմեն Վարդանյանը՝ շեշտելով՝ սա միանգամայն տրամաբանական և կանխատեսելի էր։
Հարցին, թե ո՞րը պետք է լինի այդ արագ արձագանքը, քաղաքագետը պատասխանեց՝ շատ արագ Հայաստանի բանակը պետք է արդիականացվեր, նորանոր զինատեսակներ ձեռք բերվեր, որպեսզի Ադրբեջանին կարողանար, հարկ եղած դեպքում, ռազմական առումով, հակադրվեր՝ դիմադրություն ցույց տար։
«Որովհետև ինչքան էլ իրենց հետ փորձես լոյալ լինել, փորձես բարեհաճ գտնվես, իրենք փորձելու են կորզել նորանոր բաներ մեզանից։ Սրա վառ ապացույցը մենք տեսել ենք այս վերջին երկու տարիների ընթացքում․ մի քանի անգամ իրենք եկան Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը վերցրեցին, դիմադրություն չեղավ վերցրեցին, նույնը տեսել ենք Փառուխում, Հին Թաղերում և Խծաբերդում։ Երբ որ անընդհատ տեսնում են որևէ դիմադրություն չկա, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում։ Ադրբեջանի վարքագիծը սպասելի էր և առաջիկայում էլ այդպես շարունակելու է, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունն ատամներ ցույց չի տվել», - նշեց Վարդանյանը։