Մատչելիության հղումներ

Թրամփը հարցաքննության ժամանակ օգտվել է իր սահմանադրական իրավունքից


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին շուրջ 4 ժամ հարցաքննվել է Նյու Յորքի գլխավոր դատախազությունում, բայց հրաժարվել է երդման տակ պատասխանել իր բիզնես գործարքների չարաշահումներին առնչվող հարցերին՝ օգտվելով այսպես կոչված «լուռ մնալու իրավունքից»։

ԱՄՆ Սահմանադրության 5-րդ լրացումը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու «լուռ մնալու իրավունքը», և կառավարությունը չի կարող պարտադրել նրան ինքնամեղադրանք պարունակող տեղեկատվություն տրամադրել։

Հետաքննությունն առնչվում է Թրամփի մի քանի ընկերությունները միավորող Trump Organisation-ի ֆինանսական և հարկային հնարավոր չարաշահումներին։

New York Times-ի գնահատմամբ, այս գործընթացը Թրամփի բիզնես գործունեությանն առնչվող երկարատև քաղաքացիական հետաքննության շրջադարձային կետն է:

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը քաղաքացիական հետաքննության շրջանակներում ցանկանում է պարզել՝ արդյո՞ք Trump Organization-ը արհեստականորեն ուռճացրել է կազմակերպությանը պատկանող անշարժ գույքի արժեքը բանկերից ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու, իսկ որոշ դեպքերում էլ՝ իջեցրել գինը հարկեր չվճարելու նպատակով։

Թեև Թրամփը նախկինում բազմաթիվ անգամներ է հարցաքննվել, նա ամիսներ շարունակ պայքարում էր այս վերջինից խուսափելու համար, քանի որ այն որոշիչ է նախկին նախագահի և նրա ընտանիքի անշարժ գույքի բիզնեսի՝ Trump Organization-ի ավարտին մոտեցող քաղաքացիական գործի հետաքննության արդյունքների ամփոփման համար։

ԱՄՆ նախկին նախագահը՝ լռելու իր սահմանադրական իրավունքից օգտվելու որոշումը կայացրել է Մանհեթենում փակ դռների հետևում ժամեր տևած հարցաքննության ընթացքում, որտեղ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիսիա Ջեյմսը քննում էր Թրամփի բիզնես կայսրությանն առնչվող գործը: Թրամփը հարցաքննության ընթացքում մի քանի ընդմիջում է արել։

Գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսն անձամբ մասնակցել է հարցաքննությանը։ Ավելի ուշ Ջեյմսի գրասենյակը հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է։

Նյու-Յորքի դատախազ Լետիցիա Ջեյմս
Նյու-Յորքի դատախազ Լետիցիա Ջեյմս

Միացյալ Նահանգների նախկին նախագահը հարցաքննությունից առաջ վհուկների որս էր անվանել տեղի ունեցողը, պնդելով՝ և՛ ինքը, և՛ իր ընկերությունները հարձակման են ենթարկվում բոլոր կողմերից։

Մանհեթենում Թրամփի հարցաքննությունից առաջ էլ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել էր նախկին նախագահի Ֆլորիդայի առանձնատունը՝ Սպիտակ տնից դուրս բերված գաղտնի փաստաթղթերի որոնման քրեական գործի շրջանակներում։

Ըստ ամերիկյան օրենսդրության, Սպիտակ տունը լքելուց հետո Թրամփը փաստաթղթերը պարտավոր էր վերադարձնել պատկան մարմիններին։ ԱՄՆ 45-րդ նախագահը իր ստեղծած TruthSocial սոցիալական ցանցում այս առիթվ գրել էր, թե ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

«Երբ նրանք տեսնում են, որ իմ աջակցությանը արժանացած թեկնածուները մեծ հաղթանակներ են տանում, և երբ տեսնում են իմ առաջատար դիրքը բոլոր հարցումներում, նրանք փորձում են ևս մեկ անգամ արգելակել Հանրապետական կուսակցությանն ու ինձ», - գրել էր Թրամփը։

Սպիտակ տան խոսնակն անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ խուզարկությունը արտոնված էր դաշնային դատավորի կողմից, որ այն որևէ կերպ չի համաձայնեցվել Սպիտակ տան հետ, և նախագահ Ջո Բայդենն այդ մասին իմացել է լրատվամիջոցներից։

Բայդենի վարչակազմը փորձում է շեղել Թրամփի պոտենցիալ նախագահական առաջադրումը»

ԱՄՆ նախագահ Ջո բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո բայդեն


Հետախուզությունների դաշնային բյուրոյի իրականացրած աննախադեպ խուզարկությունը էլ ավելի մեծացրեց Թրամփի նկատմամբ հետաքննության հանդեպ ուշադրությունը։

«Սա քաղաքական խաղ համարելը շատ հեշտ է, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է շեղել Դոնալդ Թրամփի պոտենցիալ նախագահական առաջադրումը և քարոզարշավը: Բայց իրականում այստեղ խնդրո առարկան օրենքն է: 1978 թվականին ընդունված օրենքը, որը կոչվում է Նախագահական գրառումների մասին ակտ, պահանջում է, որ նախագահի կողմից օգտագործված բոլոր նյութերը փոխանցվեն Ազգային արխիվ, որը նախկին նախագահը, նախագահ Թրամփը, չի արել», - ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման ծրագրի տնօրեն Թոդ Բելթը։

Տարեսկզբին Ազգային արխիվը տեղեկացրել էր Կոնգրեսին, որ Թրամփի Ֆլորիդայի առանձնատանը՝ Մար-ա-Լագոյում, հայտնաբերել է Սպիտակ տանը նրա պաշտոնավարման տարիներին վերաբերող 15 արկղ փաստաթղթեր, ներառյալ գաղտնի նյութեր: Թրամփը չի անդրադառնում այդ փաստաթղթերին, փոխարենը՝ շարունակում է հրապարակայնորեն խոսել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին։

76-ամյա Թրամփը իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա իր աջակիցների գրոհի գործով, որտեղ քննվում է նրա մասնակցությունը, ինչպես նաև՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված ապօրինի գործարքների մասին մեղադրանքների գործով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG