Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը արդարացրեց Թրամփին՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ որակելով


Միացյալ Նահանգների Սենատը կրկին արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ նրա դեմ առաջադրված «խռովության հրահրման» մեղադրանքը հիմնազուրկ որակելով։

Թրամփի իմպիչմենտի հարցով քվեարկությունը ամերիկյան Սենատում կայացավ փետրվարի 13-ի ուշ երեկոյան։ Նախկին նախագահին՝ Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հրահրման համար մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեցին Սենատի անդամներից 57-ը, այն դեպքում, երբ իմպիչմենտը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, ըստ ամերիկյան Սահմանադրության, անհրաժեշտ էր քվեների առնվազն երկու երրորդը՝ 67 ձայն։

Մինչև վերջին պահը դեմոկրատ սենատորները հույս ունեին, որ Թրամփի մեղքն ապացուցող փաստարկների ճնշման ներքո հանրապետական սենատորներն ի վերջո կորոշեն քվեարկել Թրամփին ներկայացված մեղադրանքի հաստատման օգտին։ Դեմոկրատների հույսերը, սակայն, արդարացան մասամբ․ իմպիչմենտի օգտին քվեարկեցին Սենատում ներկայացված 50 հանրապետականներից միայն 7-ը։

«Այն, ինչի ականատեսը դարձանք այսօր Սենատում՝ մի խումբ վախկոտ հանրապետականներ էին, որոնք որևէ այլ տարբերակ չունեին։ Նրանք վախեցան պաշտպանել իրենց աշխատավայրը, այն կառույցը, որում աշխատում են։ Նրանք ենթարկվեցին նման սարսափելի վերաբերմունքի, նրանց աչքի առաջ ամբոխը կոչ էր անում կախաղան հանել Սենատի նախագահ Մայք Փենսին, և այդքանից հետո [հանրապետական սենատորները] պարզապես անտեսեցին այդ ամենը։ Ինչո՞ւ։ Որովեհետև, ըստ ամենայնի, նրանք ուղղակի չեն կարող այլ աշխատանք գտնել», - Սենատում կայացած քվեարկությունից հետո իր խիստ զգացմունքային ճառում հայտարարում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին։

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը ևս խստորեն քննադատում էր իր հանրապետական գործընկերներին, որոնք, նրա համոզմամբ, քվեարկության ընթացքում առաջնորդվել էին նեղ կուսակցական, բայց ոչ պետական շահերով։

«Սա ընտրություն էր Դոնալդ Թրամփի և պետության միջև։ Եվ 43 հանրապետական սենատորները ընտրեցին Թրամփին», - հայտարարում էր Շումերը։

Նախկին նախագահը Սենատում կայացած քվեարկությանը արձագանքեց ավանդական ձևով՝ Թվիթերում։ Բայց քանի որ նրա օգտահաշիվը սոցիալական ցանցի ղեավարության որոշմամբ ընդմիշտ արգելափակված է, Թրամփի ուղերձը տեղադրվեց նրա որդու՝ Էրկիկի թվիթերյան էջում։

«Սա մեր երկրում արձանագրված ամենածավալուն վհուկների որսի ևս մեկ փուլն էր։ Որևէ նախագահ նման փորձությունների միջով չի անցել։ Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ մեր քաղաքական հակառակորդները չեն կարող մոռանալ գործող նախագահի օգտին երբևիցե տրված ամենաշատ քվեների՝ գրեթե 75 միլիոն մարդկանց ձայների մասին, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ էին ընտրել մեզ», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը մեկնարկել էր նրա՝ Սպիտակ տունը լքելուց հաշված օրեր առաջ։ Գործընթացի նախաձեռնողները պնդում էին, որ նախկին նախագահի աջակիցների՝ Կապիտոլիումի վրա հարձակումը, որի հետևանքով առնվազն 5 մարդ էր զոհվել, ծագել էր Թրամփի հրահրիչ գործողությունների և հայտարարությունների հետևանքով։

XS
SM
MD
LG