Մատչելիության հղումներ

Թրամփը մասնակցել է Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի Մեհմեթ Օզի քարոզարշավին


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, նախօրեին Փենսիլվանիայում կայացած հանրահավաքի ժամանակ կոչ է արել իր կողմնակիցներին նահանգում կայանալիք ներկուսակցական ընտրությունների ընթացքում քվեարկել հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Մեհմետ Օզի օգտին։

Առաջադրման և նոյեմբերին կայանալիք Սենատի միջանկյալ ընտրություններում հաղթանակի դեպքում Օզը կդառնա ամերիկյան խորհրդարանի վերին պալատում ընտրված առաջին ազգությամբ թուրք գործիչը։

«Արդյոք մենք սիրո՞ւմ ենք նախագահ Թրամփին, արդյոք Ջո Բայդենը չստիպե՞ց մեզ էլ ավելի կարոտել Թրամփին», - դիմելով իր աջակիցներին հայտարարում էր Օզը, նշելով, որ միակ բանն ինչ հաջողությամբ կարողացել է կառուցել Բայդենը «նախագահության առաջին մեկուկես տարում Թրամփի կողմից առաջնորդվող Հանրապետական կուսակցությունն է»։

Ամիսներ առաջ Մեհմետ Օզի քաղաքական հավակնություններին էր անդրադարձել ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը՝ մատնանշելով նրա կապերը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ պայքարելով ամերիկյան Սենատում ընտրվելու համար «Դոկտոր Օզ» մականվամբ հայտնի գործիչը մինչ օրս չի հրաժարվել թուրքական անձնագրից։

«Առաջիկայում Օզի երկքաղաքացի լինելու փաստն ու թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու հարցում նրա ցուցաբերած դժկամությունը անքուն գիշերներ են պարգևելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի և մյուս հատուկ ծառայությունների աշխատակիցներին», - փետրվարին կանխատեսում էր ամերիկյան պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG