Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզում էր փոխնախագահ Մայք Փենսին չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։Այս մասին հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունները քննող կոնգրեսական հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Բենի Թոմփսոնը։
Հիմնվելով Փենսի օգնականների ցուցմունքների վրա՝ հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ Թրամփը շարունակաբար փորձել է իր տեղակալին ստիպել «չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքները` չնայած այն հանգամանքին, որ նման քայլը կհակասեր ամերիկյան օրենսդրությանը»։
«Մայք Փենսն այս առաջարկը մերժել է։ Նա դիմադրել է իր վրա գործադրվող ճնշմանը։ Նա գիտեր, որ նման քայլն անօրինական է և սխալ», - հայտարարում էր հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, թե այն հանգամանքը, որ հունվարի 6-ի հարձակման ընթացքում Փենսը գտնվում էր Կապիտոլիումում, լրջորեն վտանգել էր նրա կյանքը։
«Ամբոխը վանկարկում էր՝ «կախաղա՛ն հանեք Մայք Փենսին»։ Մի պահ նրան և հաձակվողներին մոտ 12 մետր էր բաժանում», - հայտարարել է կոնգրեսական քննիչ հանձնաժողովի նախագահը։
Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կապիտոլիումի վրա հարձակվել էին 2021-ի հունվարի 6-ին՝ նույն ժամերին, երբ ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները պետք է հաստատեին 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Բախումների ընթացքում զոհվել էր 5 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել էին։