ԱՄՆ Սենատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարությունում մեղադրող կողմն ավարտել է փաստարկների շարադրումը, հիմա հերթը պաշտպաններինն է:
Այսօր երեկոյան նրանք պետք է փորձեն համոզել օրենսդիրներին և ամերիկյան հանրությանը, որ նախկին նախագահն անմեղ է, և նրան չի կարելի դատապարտել:
Իսկ Թրամփին խռովություն հրահրելու մեջ մեղադրող դեմոկրատականները երեկ ընդգծել են, որ եթե նախկին նախագահը չդատապարտվի, ապագայում հնարավոր կլինեն նմանօրինակ նոր հարձակումներ Կոնգրեսի կամ պետական որևէ այլ կառույցի վրա:
Նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո Թրամփն իր գրեթե բոլոր ելույթներում պնդել է, թե մրցակիցները գողացել են հաղթանակը, կեղծել են արդյունքները: Այդ մասին նա խոսել է նաև հունվարի 6-ին:
«Դուք պետք է ձեր մարդկանց տանեք կռվի, որովհետև թույլ լինելով՝ երբեք երկիրը չեք վերադարձնի, դուք պետք է ձեր ուժը ցույց տաք, պետք է հզոր լինեք, մենք մարտնչում ենք, մենք կատաղի կռիվ ենք տալիս, իսկ եթե չկռվեք, գրողը տանի, այլևս երկիր չեք ունենա»,- ասել է Թրամփը:
Սենատում մեղադրող կողմի համակարգող, դեմոկրատական Ջեյմի Ռասքինը հիշեցրել է, որ հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատները պետք է վավերացնեին Ընտրիչների կոլեգիայի որոշումը և դեմոկրատական Ջո Բայդենին վերջնական ու անբեկանելի հռչակեին երկրի նոր ղեկավար, իսկ Թրամփն ամբոխներին կոչ է արել դա թույլ չտալ, փոխնախագահ Մայք Փենսից պահանջել է ընդհատել նիստը:
«Եթե սա իմփիչմենթի արժանի չէ, էլ ինչի՞ համար է կարելի իմփիչմենթ անել, ես ձեզ մարտահրավեր եմ նետում, բոլորդ մտածեք, եթե կարծում եք, թե սրա համար իմփիչմենթի չեն ենթարկում, էլ ինչի՞ համար են ենթարկում»,- հարց է տվել կոնգրեսականը սենատորներին:
Ռասքինը խոսել է նաև Թրամփի զարմանալի անգործության մասին այն դրամատիկ ժամերին, երբ ամբոխները հարձակվել էին ամերիկյան դեմոկրատիայի խորհրդանիշ Կապիտոլիումի վրա, որտեղ աշխատում են օրենսդիր երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը:
«Ինչո՞ւ տեղեկանալով մայրաքաղաքում գրոհի մասին՝ նախագահ Թրամփն իր աջակիցներից չի պահանջել անհապաղ այն դադարեցնել: Ինչո՞ւ նախագահ Թրամփը մատը մատին չի խփել գրոհի մեկնարկից երկու ժամ անց: Սահմանադրությամբ մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչո՞ւ նա երկու ժամ շարունակ օգնություն չի ուղարկել պաշարման մեջ գտնվող ոստիկաններին»,- հարց է տվել Ռասքինը:
Հունվարի 6-ից դեպքերի վերլուծությունը վկայում է, որ Թրամփը ճնշում է բանեցրել փոխնախագահի վրա, հուսալով, թե նա կկարողանա փոխել իրավիճակը, այդ է նշել Կոլորադոյից դեմոկրատական կոնգրեսական Ջո Նեյգուսը:
«Նախագահն ամեն ինչ արել է դեմոկրատական իշխանափոխությունը խափանելու համար, նա ճնշում է գործադրել նահանգների ընտրական հանձնաժողովների պաշտոնյաների վրա, ընդհուպ նրանց պետական դավաճան անվանելով, ճնշում է բանեցրել արդարադատության նախարարության վրա, ինչը զայրացրել է բոլոր դատավորներին, էլ չասած նախարարի մասին, և վերջապես, երբ եկել է հունվարի 6-ը, նա սկսել է հարձաման ենթարկել իր իսկ փոխնախագահին»,- ասել է Նեյգուսը:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Թրամփը կարող է զրկվել հաջորդ անգամ նախագահության թեկնածու առաջադրվելու իրավունքից: Սակայն, վերլուծաբանների համոզմամբ, նա, հավանաբար, մեղավոր չի ճանաչվի, քանի որ դրա օգտին քվեարկող սենատորների թիվը պահանջված 67-ին դժվար թե հասնի:
Եվ այնուամենայնիվ, նա արդեն դարձել է միակ նախագահը, ով պաշտոնավարման 4 տարում Ներկայացուցիչների տան կողմից երկու անգամ ենթարկվել է իմփիչմենթի:
Մինչդեռ, Սենատում դեմոկրատականների մեծամասնության խոսնակ Չաք Շումերն արդեն նկատել է տվել, որ կա Թրամփին առաջադրվելու իրավունքից զրկելու մեկ այլ տարբերակ՝ խոսքը Սահմանադրության 14-րդ լրամշակման մասին է, որի համաձայն` խռովության մասնակիցները չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ: