Երեկ ԱՄՆ Սենատում շարունակվել է նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարությունը:
Մեղադրող կողմի դերում հանդիսացող Ներկայացուցիչների տան անդամները ցուցադրել են Կապիտոլիումի հսկայական համալիրի միջանցքներում, վերելակների մոտ, դահլիճներում և աշխատասենյակներում անվտանգության համակարգի տեսախցիկներով արված տեսագրությունները: Դրանք գործին կցված նոր նյութեր են և մինչ այդ երբևէ չեն ցուցադրվել:
«Այն, ինչ հիմա կլսեք, մինչ այդ չի հրապարակվել»,- ասել է մեղադրող կողմի ներկայացուցիչ, դեմոկրատ կոնգրեսական Սթեյսի Փլասքեթը:
Տեսագրությունները պատմում են հունվարի 6-ին Կապիտոլիումում տիրող քաոսի, թրամփականների ագրեսիայի, օրենսդիրներին համակած սարսափի և սենատորներին ու կոնգրեսականներին տարհանելու ոչ մեծ թվով թիկնապահների, պահակների ու ոստիկանների հուսահատ ջանքերի մասին:
Հունվարի 6-ին զոհվել է հինգ մարդ, այդ թվում` մեկ ոստիկան, թիրախն օրենսդիրներին էին, ինչպես նաև փոխնախագահ Մայք Փենսը:
Գրոհայինները նրան են որոնել, քանի որ Թրամփը Թվիթերով պնդել է, թե փոխնախագահը կարող է կասեցնել այդ օրը Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում ընտրությունների արդյունքների վերջնական վավերացումը և իբրև նախագահող ընդհատել նիստը: Փենսը տեղի չի տվել, և ջարդարարները փորձել են հաշվեհարդար տեսնել:
Փաստորեն, ամբոխն ուղիղ իմաստով է ըմբռնել նախագահ Թրամփի «գնացեք, պայքարեք, կատաղի կռիվ տվեք, գողերին ձեռքից բռնեք» կոչերը:
«Ամբոխը որոնել է փոխնախագահ Փենսին, որովհետև լինելով հայրենասեր` Փենսը հրաժարվել է կատարել նախագահի պահանջները և վերանայել ընտրությունների արդյունքները: Գրոհի ընթացքում ծայրահեղականները համացանցով են կարգավորել իրենց գործողությունները և քննարկել են փոխնախագահին գտնելու հնարավորությունը: Լրագրողները հայտնում են, որ գրոհի ժամանակ լսել են խռովարարներից, որ նրանք ուզում են գտնել ու սպանել Փենսին»,- ասել է Սթեյսի Փլասքեթը:
Նրա փոխանցմամբ, մյուս թիրախը Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին էր, և նրան հաստատ կսպանեին, եթե գտնեին Կոնգրեսի շենքում: Փելոսիին հասցրել են տարհանել, իսկ նրա աշխատակազմի պաշտոնյաները թաքնվել են սենյակներից մեկում և փրկվել են:
Մեղադրող կողմի ներկայացուցիչ Էրիք Սուոլուելը դատական նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է գրոհայինների հանդերձանքի վրա: Շատերն ունեին պաշտպանիչ վահաններ, զրահապատ շապիկներ:
«Այս տեսագրությունում երևում է, որ ամբոխը ոստիկաններին հարվածում է հենակներով, հոկեյի մականներով, բարձրախոսներով և Դոնալդ Թրամփի դրոշներով»,- ասել է Սուոլուելը:
Իմփիչմենթի դատավարության ընթացքում մեղադրող կողմի աշխատանքը համակարգող դեմոկրատական կոնգրեսական Ջեյմի Ռասքինի փոխանցմամբ, Թրամփը հունվարի 6-ին բնավ «պատահական անմեղ անցորդ չէր», նա էր խռովության գլխավոր կազմակերպիչը:
«Այս նյութերը վկալում են, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակից և վերածվել է գերագույն գլխավոր սադրիչի»,- հայտարարել է Ռասքինը։
Դատավարությունը կտևի շուրջ մեկ շաբաթ, վերլուծաբանների համոզմամբ, դատարանի դերում հանդես եկող պալատը Թրամփին մեղավոր չի ճանաչի, դժվար թե դրան կողմ լինի 67 սենատոր:
Եթե այնուամենայնիվ Սենատը հաստատի իմփիչմենթն, ապա քվեարկության կդրվի գալիք ընտրություններին առաջադրվելու իրավունքից Թրամփին զրկելու բանաձևը:
Թրամփը հերքում է մեղադրանքը, նրա պաշտպանները պնդում են, որ նա խռովության կոչ չի արել, իսկ այն, ինչ ասել է, չի հակասում ԱՄՆ Սահմանադրության առաջին լրամշակմամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքին: