Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը, «Ազատությանը» տեղեկացրեց Հովսեփյանի պաշտապան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանները պնդում են՝ մի շարք հիվանդություններ, այդ թվում` շաքարային ծանր դիաբետ ունեցող պաշտպանյալն անհապաղ պետք է ազատ արձակվի՝ նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։
Արդեն մոտ մեկ տարի կալանավորված 69-ամյա Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Նախկին գլխավոր դատախազին վերագրող հանցագործությունները, ըստ իրավապահների, տեղի են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում։
Հովսեփյանը 2004-2013 թվականներին ղեկավարել է Գլխավոր դատախազությունը, հետո էլ մինչև 2018-ի հեղափոխությունը՝ չորս տարի Քննչական կոմիտեի նախագահն էր։ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Հովսեփյանն ասել էր, թե աշխատելու է նոր իշխանության հետ, բայց երկու ամիս անց նա հրաժարական ներկայացրեց։