«Ազատության» հետ զրույցում փաստաբան Գագիկ Խաչիկյանը նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կոնկրետ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու և ինչպես կարող է Հովսեփյանը թաքնվել նախաքննությունից և խոչընդոտել գործի քննությանը։
68-ամյա Հովսեփյանը, որը 9 տարի զբաղեցրել է Գլխավոր դատախազի, ապա մինչև հեղափոխությունը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, մեղադրվում է մի շարք կոռուպցիոն հանցագործությունների համար։ Ըստ իրավապահների, Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք, ընդհանուր առմամբ՝ խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։
Թե ինչ ընկերությունների և գույքի մասին է խոսքը, իրավապահները չեն բացահայտում։ Նրա փաստաբանները, սակայն, «Ազատությանն» ասացին, թե խոսքը նախկին բարձրաստիճան պաշտոնյանի որդիների բիզնեսի մասին է։
Պաշտպան Սասուն Ռաֆայելյանի պնդմամբ, Հատուկ քննչական ծառայության ներկայացրած մեղադրանքն ու գործի նյութերը միմյանց չեն համապատասխանում. - «Իրա տղաները հասուն մարդիկ են, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եվ հիմա փորձում են վերագրեն, թե իբր պարոն Հովսեփյանի հովանավորչությամբ են դա կատարել, որ պարոն Հովսեփյանը չլիներ, իրանք էդ բիզնեսը չէին կարող կատարել։ Դա նշանակում ա, որ մինչև 2018 թիվը Հայաստանում ով իրականացնել ա, զվաղվել ա ձեռնարկատիրական գործունեությամբ, ուրեմն ինչ-որ հովանավոր ա ունեցել։ Բայց բոլորս գիտենք, որ դա այդպես չի եղել»։
Մեղքը չընդունող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպան Ռաֆայելյանը այլ մանրամասներ չի հաղորդում։ Միայն հավելեց, թե այս գործում կան քաղաքական հետապնդման տարրեր. - «Դրա տարրերը կան միանշանակ; Էն որ չի ընդունում մեղադրանքը, ապօրինի ա, փաստարկված չի, էդ ամեն ինչը կա գործի մեջ։ Էն որ Մնացական Մարտիրոսյանն ա էս գործով դատավորը՝ ձեռքով մակագրելու միջոցով, դա ունենք»։
Երեկ Հովսեփյանի փաստաբանը հայտարարել էր, թե 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեությանն առնչվող որևէ ապօրինություն մեղսագրել, այդ պատճառով էլ իրավապահները նրան մեղադրանք են ներկայացրել որդիների գործունեության հետ կապված։
Մինչդեռ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ընդգծում է, որ Աղվան Հովսեփյանին կարող էին մեղադրել ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների, այլև 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների, նաև բազմաթիվ այլ գործեր չբացահայտելու համար. - «Ինձ համար գոնե ակնհայտ է, որ իր պաշտոնավարման տարիներին եղել են բազմաթիվ գործեր, որոնք շատ պատահական, մի օրում կարճվել են, շատ գեղեցիկ կասեցվել են, քնեցվել են... Կան գործեր, որոնք արհեստականորեն են ստեղծվել, այդ թվում նաև իր պաշտոնավարման տարիների գործունեության հետ կապված, մենք ստանում ենք Եվրոպական դատարանից որոշումներ, ու պետությունը, հասարակությունը, ես, դուք, մենք բոլորս վճարում ենք մեր հարկերով էդ մարդկանց՝ տուժածներին։ Վճռաբեկ դատարանը արդարացնում է այդ մարդկանց, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում»։
Հովսեփյանը 2008-ին Գլխավոր դատախազն էր և տասը մարդու մահվան պատճառ դարձած հետընտրական արյունալի իրադարձություններից հետո հայտարարել էր, թե նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»:
2006-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրված Հովսեփյանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցում էր Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին։ Նա հայրենի Ապարանում իր ելույթում վստահություն էր հայտնել, որ երկրորդ նախագահը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու շահը. - «Պարոն նախագահ, մենք վստահ ենք, որ դուք շարունակելու եք պաշտպանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու շահերը»։
Նախկին գլխավոր դատախազին առաջադրված մեղադրանքներով նախատեսված է առավելագույնը 12 տարի ժամկետով ազատազրկում։