Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի` Աղվան Հովսեփյանը պետք է ազատ արձակվի, հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ


Հայաստանի նախկին գլխավոր դատախազն այսօր ներկա չէր իր դատական նիստին` առողջական խնդիրների պատճառով։ Քրեակատարողական հիմնարկը արդեն 10 ամիս կալանավորված 69-ամյա Աղվան Հովսեփյանի՝ դատարան չներկայանալու անհնարինության մասին տեղեկանք էր ուղարկել դատարան, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց հետաձգել նիստը։

Մի շարք կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում՝ բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար մեղադրվող Հայաստանի նախկին գլխավոր դատախազը մոտ մեկ ամիս քաղաքացիական հիվանդանոցում անցկացնելուց հետո այժմ բուժումը շարունակում է բանտում։ Փաստաբանը, սակայն, պնդում է՝ մի շարք հիվանդություններ, այդ թվում` շաքարային ծանր դիաբետ ունեցող պաշտպանյալը անհապաղ պետք է ազատ արձակվի՝ նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։

«Կարող է այսօր, կարող է վաղը, կարող է մի ժամ հետո պարոն Հովսեփյանի առողջական վիճակի հետ վատթարացում տեղի ունենա, և կլինի այն, ինչի մասին մենք խոսում ենք` ուշացած արդարադատություն, իսկ մեզ ուշացած արդարադատություն պետք չի», - ասաց նա:

Թեև շաքարային ծանր դիաբետը խոչընդոտ է անազատության մեջ գտնվելու համար, բայց դատարանը, անսալով դատախազության առարկությանը, մերժել է այս հիմքով Հովսեփյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։ Դատարանն, իր հերթին, այս հարցի լուծումը թողել է Հովսեփյանի առողջական վիճակը գնահատող հանձնաժողովի վրա, որը պետք է փորձաքննություն անցկացնի։ Հենց հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյոք շաքարային դիաբետ ունեցող Հովսեփյանը պետք է ազատ արձակվի կալանքից։

«Տվյալ պարագայում դատարանը և առհասարակ նաև մեղադրանքի կողմը չպետք է ֆորմալիզացնեն իրավիճակը, և քրեադատավարական այդ պահանջների ֆորմալ պահանջը վեր չդասեն անձի հիմնարար իրավունքի նկատմամբ: Անձի հիմնարար իրավունքների մեկն առողջության իրավունքի ապահովումն է», - նշեց Էրիկ Ալեքսանյանը:

Հանձնաժողովը դեռ ձևավորված չէ, ենթադրվում էր, որ այսօրվա նիստին պետք է փորձագետներին ներգրավեն, բայց նիստը հետաձվեց, և այս հարցին դատարանը կանդրադառնա տասն օրից։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կարծում է` դա արդեն կարող է բարդացնել Հովսեփյանի վիճակը. «Բավարարումն, ըստ էության, թույլ է տալիս պաշտպանության կողմին միանշանակ և վստահորեն պնդել, որ ի վերջո դատարանն ուրեմն ունեցել է համապատասխան հիմնավոր կասկածներ առ այն, որ այս հիվանդությունը միգուցե և անհամատեղելի է կալանավորման հետ, հետևաբար այստեղ հռետորական հարց է առաջանում` եթե այդ հիմնավոր կասկածն ունեցել եք, և դրա վառ ապացույցն է այն, որ համապատասխան միջնորդությունը մեր բավարարվեց, այդ դեպքում խափանման միջոցի հարցի քննարկան շրջանակներում ինչո՞ւ այդ հիմնավոր կասկածը ձեզ մոտ չառաջացրեց»:

Բանտերում հասարակական դիտորդների խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանին անհանգստացնում է կալանավորումը ավելի հաճախ կիրառելու պրակտիկան։ Այս մասին է վկայում նաև դատական դեպարտամենտի վիճակագրությունը, ըստ որի՝ 2021-ին, օրինակ, Հայաստանի բոլոր դատարաններում մեծամասամբ բավարարվել են կալանավորման միջնորդությունները։

«Որպես այդպիսին երկարատև տարիների փորձով տեսել ենք, որ կալանավորումը շատ հաճախ կիրառվում է ոչ բավարար հիմքերի պարագայում և առավելապես կիրառվում է նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ, երբ, օրինակ, փաստաբանները կամ իրավապաշտպանները ներկայացնում են առողջական խնդիրների վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր, սակայն դատարանը, որպես այդպիսին, հաշվի չի առնում նույնիսկ 825 N որոշումը կառավարության, որի շրջանակներում նշվում են նաև այն հիվանդությունները, որոնց պարագայում անթույլատրելի է կամ կալանքը համատեղելի չէ», - շեշտեց նա:

Ավելի մտահոգիչ է առողջական խնդիրներով մեղադրյալներին փակի տակ պահելը, ասում է Հովհաննիսյանն ու շեշտում՝ պետությունը պետք է մարդասիրական վերաբերմունք դրսևորի և արագ լուծի հիվանդ կալանավորներին ազատ արձակելու հարցը. «Իրականում, իհարկե, դատական նիստերն էլ բավական մեծ ընդհատումներով են տեղի ունենում, ինչը մարդու կյանքի և առողջության նկատմամբ բավական լուրջ վտանգներ է առաջացնում, և այս պարագայում, իհարկե, մենք ունենինք նաև այլ դեպքերում նմանատիպ իրավիճակ, երբ, օրինակ, բժիշկ Չարչյանի նկատմամբ կար նմանատիպ վերաբերմունք, և նրա առողջությունը ևս վատթարացավ քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի ընթացքում»:

Իրավապաշտպանը վկայակոչում է կառավարության որոշումը, որը նման հնարավորություն է ընձեռում որոշակի հիվանդություններ ունեցող բանտարկյալներին, բայց որի կիրառմանը Աղվան Հովսեփյանը պետք է սպասի առնվազն տասն օր։ Մինչ այդ, փաստաբան Ալեքսանյանը պնդում է՝ քրեակատարողական հիմնարկը ոչ բոլոր դեղերն է տալիս Հովսեփյանին, և նրա ընտանիքն է բացը լրացնում։

Մինչդեռ դատապարտյալների առողջության համար պատասխանատու Քրեակատարողական բժշկության կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախկին գլխավոր դատախազն ինքն է հրաժարվել իրենց հատկացրած որոշ դեղերից` նախընտրելով սեփականը։

XS
SM
MD
LG