Հակակոռուպցիոն կոմիտեն կարողացել է հիմնավորել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղսագրվող արարքները, ասում է գործը կես տարի քննած Վոլոդյա Սիմոնյանը։ Քննիչը օրեր առաջ ավարտելով նախաքննությունը՝ գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու։
45 տարի շարունակ արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։
«Աղվան Հովսեփյանն օգտվելով ունեցած պաշտոնի հեղինակությունից, ծառայողական կապերից, պաշտոնեական դիրքից, դրդել է անձանց, որպեսզի կատարեն հանցագործություններ, և դրա արդյունքում առանձնապես խոշոր չափերով գույքեր են հաշվառվել նրա ընտանիքի անդամների անունով՝ որպես սեփականության իրավունք», - նշեց Վոլոդյա Սիմոնյանը:
Մոտ կես տարի առաջ կալանավորված ու մեղքը չընդունող 69-ամյա Հովսեփյանի փաստաբանները դեռ քրեական գործը հարուցելու սկզբում հայտարարել էին, որ Հովսեփյանին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեությանն առնչվող որևէ ապօրինություն մեղսագրել, այդ պատճառով էլ իրավապահները նրան մեղադրանք են ներկայացրել որդիների գործունեության հետ կապված։
Փաստաբան Գագիկ Խաչիկյանը պնդում է՝ դատարանում պարզ կդառնա Հովսեփյանի անմեղությունը, նաև այն, որ նրա օգտին շատ ցուցմունքներ հաշվի չեն առնվել։
«Աղվան Հովսեփյանի տղաները այդ ժամանակ, երբ որ մեղսագրվում է արարքը, եղել են չափահաս, եկել են տղաների հետ սկսել են որոշակի բիզնես գործունեություն ծավալել, հիմա ենք հասկանում, որ ունեցել են հեռահար նպատակներ Աղվան Հովսեփյանի անունը շահարկելու տարբեր կառույցներում, որպեսզի բիզնեսն ավելի շահավետ ընթանա: Այս պայմաններում ստացել են եկամուտ այդ կազմակերպությունները, այդ եկամուտի մի մասը, որն Աղվան Հովսեփյանի տղաների մասնաբաժինն է եղել, օգտագործվել է Աղվան Հովսեփյանի տղաներին պատկանող սեփականությունը բարեկարգելուն: Հիմա ասում են, որ սա Աղվան Հովսեփյանի տղաներինը չի, այլ Աղվան Հովսեփյանինն է», - նշեց Խաչիկյանը:
Գործը քննած քննիչը, մինչդեռ, պնդում է՝ ապացուցվել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեցող Հովսեփյանը հենց նման գործունեություն էլ ծավալել է. «Մասնավորապես, զբաղվել է փոքր ՀԷԿ-երի հիմնադրմամբ և դրանց շահագործմամբ, ավտոտեխսպասարկման կայանի հիմնադրմամբ ու շահագործմամբ ու բեռնատար ավտոմեքենաների անվադողերի ձեռքբերման ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառելու գործընթացով: Այդ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում ստացել է մոտավորապես 6 միլիարդ 800 միլիոն դրամի չափով եկամուտ»:
Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը, քննիչի փոխանցմամբ, նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել՝ վերահաստատելով, որ նա, օրինակ, «Երևան» հեռուստաընկերության դեպքում որպես կաշառք ստացել է դրա բաժնետոմսերի 50 տոկոսը, հետո հանցավոր արարքը թաքցնելու համար դրանք վաճառել է մեկ այլ ընկերության։
Ըստ քննիչի, ապօրինի կուտակած գումարները լվանալու համար Բյուրականի առանձնատունն է վերակառուցել, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու անվամբ, իսկ վերջինս էլ վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Քննիչ Սիմոնյանի փոխանցմամբ, նախկին գլխավոր դատախազը Բյուրականի գյուղապետին դրդել է իրեն վաճառել գյուղի հողերի 28 հեկտարը՝ այն դարձնելով որդու սեփականությունը։ Հովսեփյանի որդիները ևս հարցաքննվել են, մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Հովսեփյանի դրամական եկամուտները ու ողջ գույքը կալանքի տակ են։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը։ Նա մեղադրվում է յուրացման մեջ, մեղքը չի ընդունում։ Ըստ գործի, մեկ ուրիշին պատկանող հողատարածքը Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է Մարկոսյանի անվամբ, ինչից հետո նա ստիպված այն նվիրել է նախկին դատախազի որդուն։ Մարկոսյանն ազատության մեջ է, հավաստիացնում է, թե ստիպողաբար չի նվիրել։
Քննիչը, սակայն, հակառակն է պնդում. «Վրեժ Մարկոսյանի ցուցմունքով և՛ հիմնավորվել է Աղվան Հովսեփյանի կողմից ենթադրաբար կատարված դրվագով հանրորեն վտանգավոր արարքը, նաև հիմնավորվել է հենց Վրեժ Մարկոսյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքը»:
Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ Գլխավոր դատախազությունը կհաստատի մեղադրականը, թե այն կուղարկի հետ՝ լրացուցիչ քննության։ Հաստատելու դեպքում գործը կուղարկվի դատարան։