Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ մանրամասնելով՝ հսկող դատախազն այսօր հաստատել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Բացի այդ, ըստ դատախազության, միջոցներ են ձեռնարկվել Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ։
45 տարի շարունակ արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։
Օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։
Մոտ կես տարի առաջ կալանավորված Աղվան Հովսեփյանը մեղքը չի ընդունում։