Մատչելիության հղումներ

«Մեկ անձի ցուցմունքի հիման վրա է մեղադրանքը առաջադրվել». Աղվան Հովսեփյանի փաստաբան 


Վերաքննիչ դատարանը քննում է կոռուպցիոն հոդվածներով մեղադրվող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբաններն ոչ իրավաչափ են համարում նախկին բարձրաստիճան պաշտոնյային կալանավորելու որոշումը։

«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված պարոն Հովսեփյանի նկատմամբ իրավաչափ չի և հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին», - նշեց նա:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պնդում է՝ դատարանը չի հիմնավորել կալանքի որոշումը։ Ըստ նրա՝ դատարանը մեխանիկորեն վկայակոչել է քննիչի ներկայացրած փաստական տվյալներն ու առանց բացահայտելու դրանց բովանդակությունը` որոշել է կալանավորել Աղվան Հովսեփյանին։

«Ուղղակի մեխանիկորեն վկայակոչվում են այդ փաստական տվյալները առանց դրանց վերլուծության, մենք համապատասխան վերլուծություններ կատարել ենք, դատական նիստի ժամանակ կներկայացնենք, թե ինչքանով դրանք ընդունելի կլինեն դատարանի համար, այս պահին չեմ կարող ասել», - ասաց փաստաբանը:

Նախկին գլխավոր դատախազը մոտ երեք շաբաթ առաջ է կալանավորվել։ Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք, ընդհանուր առմամբ՝ խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։

«Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ այս մեղադրանքներն իրականում շինծու են», - պնդում է Էրիկ Ալեքսանյանը:

Ովքե՞ր են ցուցմունք տվել նախկին գլխավոր դատախազի դեմ, փաստաբանը, նախաքննական գաղտնիքից ելնելով, անուններ չհրապարակեց, բայց մանրամանսեր հայտնեց կաշառքի դրվագից։ Ասաց՝ մեղադրանքը առաջադրվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա, ըստ որի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Հովսեփյանն իրեն հովանավորել է բաժնետոմսի դիմաց։ Քննչական մարմինը հովանավորությունը պայմանավորում է նրանով, որ այդ անձը որոշ քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, և Հովսեփյանը հովանավորել է, որ գործի ելքը լինի այդ անձի օգտին։

«Օրինակ` գործով չեն հարցաքննվել այդ քննիչները, դատախազները, որոնք, օրինակ, կարող էին փաստել կամ հերքել այդ տեղեկատվությունը` հովանավորե՞լ է իրականում պարոն Հովսեփյանը, թե՞ չի հովանավորել, այսինքն` մենք ունենք ընդամենը մեկ անձի ցուցմունք, ով ասում է` գիտեք ինչ, ես բաժնետոմոսը փոխանցել եմ պարոն Հովսեփյանի, այսպես ասած, մերձավոր ազգականին, որպեսզի նա ինձ հովանավորի այս քրեական գործերի շրջանակներում: Շատ անլուրջ է», - մանրամասնեց փաստաբանը:

Աղվան Հովսեփյանը 45 տարի շարունակ աշխատել է իրավապահ ոլորտում, զբաղեցրել բարձր պաշտոններ։ Նրան առաջադրված մեղադրանքներով նախատեսված է առավելագույնը 12 տարվա ազատազրկում։ Նախկին գլխավոր դատախազը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանն ասաց՝ անազատության մեջ գտնվող 68-ամյա Հովսեփյանն առողջական խնդիրներ ունի. «Շաքարային դիաբետ` ծանր ձևը, ինսուլինը կախյալ առումով, այս պահին կայուն է առողջական վիճակը»:

Դատական նիստը լրագրողների համար դռնփակ էր, մեղադրող դատախազների հետ զրուցել չհաջողվեց, իսկ փաստաբանը լրագրողների հարցերին պատասխանեց նախքան նիստը։ Կալանքից ազատելու միջնորդության քննությունը այսօր հետաձգվեց, կշարունակվի վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG