Մատչելիության հղումներ

«Մարությանը խոստումները կատարում էր. ով լավ բան է ուզում անել, շարքից հանում են». քաղաքացիները՝ Մարությանի պաշտոնանկության մասին


Հայկ Մարությանն ու Ալեն Սիմոնյանը, արխիվային լուսանկար
Հայկ Մարությանն ու Ալեն Սիմոնյանը, արխիվային լուսանկար

Քաղաքապետարանում Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու քվեարկությունը դեռ չէր ավարտվել ու արդյունքները հայտնի չէին, երբ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց քաղաքապետ Մարությանի կոշտ ելույթին՝ նրան նախկին դիմելով. -
«Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը»:

Ալեն Սիմոնյանին բարկացրել է, որ Հայկ Մարությանն այսօր իրեն էլ է անդրադարձել։ Մարությանը նկարագրելով հեղափոխական խոստումներով իշխանության եկած Փաշինյանի թիմի հեղափոխոււթյան արժեքներին հակասող բարքուվարքը՝ հիշատակել էր նաեւ պետբյուջեի հաշվին վերջերս Սիմոնյանի համար գնված թանկարժեք մեքենայի մասին. - «Պատկերացնում եք, մի երկիր, որը երեսուն տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենայի գնումը՝ իբր դա պետության պրիստիժի համար է»։

Ազգային ժողովի խոսնակը, ով Մարությանի տասնամյակների ընկերն էր, ու երկու տարի առաջ Ֆեյսբուքում գրառում էր անում այդ ընկերությունը «փշերի միջով աստղերին հասցնելու» մասին, Մարուքյանի քաղաքական քննադատությանը պատասխանել է անձնական վիրավորանքների տարափով. - «Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու: Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն երկու տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր: Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը»։

Ալեն Սիմոնյանի գրառումից հետո աշխուժացան իշխանական այլ պատգամավորներ՝ երբմենի թիմակցին ուղղված տարատեսակ մեղադրանքներով։ Մինչ Փաշինյանի թիմակիցները իրար հերթ չտալով Մարությանին պաշտոնանակ անելու իրենց նախաձեռնությունն էին արդարացնում, նրան պիտակավորում, Երևանի բնակիչները քաղաքապետի երեք տարվա արած-չարածն էին քննարկում, գնահատում։

Քաղաքապետի աշխատանքից գոհ երևանցիները նշում էին, թե նա կատարել է իր նախընտրական խնդիրները, կարգավորել է տրանսպորտի, աղբահանության աշխատանքները։

Հայկ Մարությանի աշխատանքից դժգոհ քաղաքացիներն ասում էին, թե ոչինչ չի փոխվել։ Երևանցի մի տղամարդ ասաց, թե առանց կառավարության Մարությանը չէր կարող հասնել հաջողություների, ավտոբուսների, վերլակների ու աղբահանության հարցերը լուծել։

Ինչո՞ւ իշխող թիմը հանկարծ սկսեց պայքարել Հայկ Մարությանի դեմ, նրան ուրիշով փոխարինելու գործընթաց սկսեց, քաղաքացիները պայմանավորում էին վերևների որոշմամբ, թե Մարությանը իշխող կուսակցությունն է լքել ու դրա համար են պատժում։

Իշխող թիմը Երևանի քաղաքապետ ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Մեզ հանդիպած քաղաքացիները դեռ չեն հասցրել մայրաքաղաքի նոր ղեկավարի մասին կարծիք կազմել։

Երևանցիներից ոմանք դժգոհեցին, որ Մարությանին պաշտոնից ազատում են առանց բնակիչների կարծիքը լսելու։ Չէ որ նա երեւանի բնակիչների վստահության քվեով է արժանացել այդ պաշտոնին։

«Ժողովրդի կարծիքը ստեղ ոչ մեկ հաշվի չի առնում, քանի որ եթե որոշում են այսպես, ուրեմն այսպես է», - ասաց նրանցից մեկը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG