«Ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից («Քաղաքացիական պայմանագրից»-խմբ.), բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ ֆրակցիայի անդամ», - այսօր մինչև քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի` բուն գաղտնի քվեարկության մեկնարկը, իր ելույթում ասաց Հայկ Մարությանը:
Նա ներկայացրեց մի քանի կետեր, որոնք, ըստ իրեն, եղել են իր ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապի խզման պատճառները:
Մարությանը նկատեց` քաղաքապետին անվստահություն հայտնելու համար իշխող ուժը պիտի բյուջեի հափշտակության, հանցանքի մասին փաստեր ունենար, սակայն այս դեպքում նման պատճառ չկա, ինքն ուղղակի դուրս է եկել կուսակցությունից:
Նա շեշտեց` սկզբունքային խնդիրներ է ունեցել իշխող ուժի հետ, հատկապես աշխատավարձերի բարձրացման ժամանակ, որը ինչպես ասաց` եղել է գաղտնի, մեկ գիշերվա ընթացքում: Ապա հարց ուղղեց` որքա՞ն է արդար միջազգային գործընկերներից գումարներ խնդրել մանկապարտեզներ վերանորոգելու համար այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահի համար 200 հազար դոլարից ավելի գումար կա` մեքենա գնելու:
Հայկ Մարությանը շեշտեց` այս օրերին նախաձեռնության հեղինակներն ու նրանց կուսակցական ընկերները հայտարարում են, որ ինքը շեղվել է հեղափոխական արժեքներից. «Հիմա տեսնենք, թե ո՞վ է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից:
2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել և հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է` հարկերը հանած, փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում և այսպես շարունակ՝ գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։
Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական, հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։
Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչո՞ւ չէիր շուտ խոսում սրա մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք», - հայտարարեց քաղաքապետը` նորից հարցնելով. «Դե հիմա ասեք` ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից»:
Պաշտոնավարման այս կարճ ընթացքում իշխող ուժից և պաշտոնատար այլ անձանցից տարատեսակ զանգեր է ստացել քաղաքապետարանի որևէ աշխատակցի` սոցիալական ցանցերում «վատ մեկնաբանությունը կամ գրառումը» հավանելու մասին, պատմեց նա` հավելելով, որ իրեն ասել են` այդ աշխատակիցը պետք է ազատվի: Նշեց` ինքն արձագանքել է, որ երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում, և խնդրել է իրեն հանգիստ թողնել:
Երևանի քաղաքապետի խոսքով` այլ բովանդակությամբ զանգեր ևս եղել են` այս ծաղիկի կրպակն այս հատվածում դնել, շինթույլտվություն տալ և այլն:
Կուսակցությունը լքելու որոշումը, ասաց, պատերազմից ավելի վաղ է կայացրել է, որոշումը ներկայացրել է դեկտեմբերի 7-ին` սպասելով հետպատերազմյան իրավիճակի կայունացմանը. «Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել և հանձնելիս ասել եմ` եղբա՛յր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու ոչ մի դեպքում։ Ասել եմ` դուք կխոսեք սրա մասին, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ, նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն` ինձ անվստահություն հայտնելու պահին»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Մարությանը պնդեց` այս ամենի մասին լռել է` ներքաղաքական իրավիճակը չսրելու համար. «Բայց այսօր ՔՊ-ի թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար, ուստի կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին»:
Անդրադառնալով ավտուբուսների խնդրին` Մարությանն ընդգծեց, որ կարևոր է եղել, որ իշխող խմբակցությունը գա և քվեարկի, սակայն նախորդ օրը ճնշումներ են գործադրվել ավագանու անդամների նկատմամբ, արդյունքում անհրաժեշտ քվորումն իշխող ուժը չի ապահովել, բայց անկախ անդամների մասնակցությամբ հաջողվել է հարցը հաստատել, և ավտոբուսները բերվել են. «Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում, և որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր և անկախ անդամների շնորհիվ:
Փաստացի այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին` Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները: Այսինքն` նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից: Ու թող հեքիաթներ չպատմեին, թե կառավարությունն ուզում էր ավելի լավ ավտոբուսներ բերեր: Բերող էիք, բերեիք»:
Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
Մանրամասները` քիչ ավելի ուշ