Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա, հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովին երեկ ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հանդիպման ընթացքում Բայրամովը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հյուրընկալելու և կարգավորման գործընթացում ներդրում ունենալու համար. «Եվրամիությունը կարևոր դեր է խաղում հետպատերազմյան շրջանում: Այս առումով մենք ողջունում ենք նախագահ Շառլ Միշելի ջանքերն ու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»:
Վերստին հիշատակելով Երևանի կողմից մերժվող «Զանգեզուրյան միջանցքը»՝ Բայրամովն ասել է, թե պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումները սահմանում են հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները:
«Դրանցից մեկը հաղորդակցական ուղիների, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքի» բացումն է: Այն լիովին համապատասխանում է Եվրամիության հետ մեր տրանսպորտային հաղորդակցության օրակարգին», - նշել է նա:
Բայրամովն ու Բորելը խոսել են նաև անցած շաբաթավերջին Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին:
«Ես ողջունում եմ անցած շաբաթ տեղի ունեցած նախարարների հանդիպումը: Եվամիությունը պատրաստ է աջակցել այդ ջանքերին և ակտիվորեն աշխատել տարաձայնությունների հաղթահարման և լուծումներ գտնելու ուղղությամբ», - շեշտել է Բորելը:
Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո Երևանը և Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չէին հաղորդել: Եվ եթե Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպումից հետո վերստին ընդգծել էր տևական խաղաղության հասնելու ճանապարհին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը, ադրբեջանական կողմը շեշտել էր Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման իր պահանջը։
Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելով համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկայիս վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Միևնույն ժամանակ նշվել են Ադրբեջանի կողմից հետպատերազմյան փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկվող քայլերը», - փոխանցում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ստոլտենբերգն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը դաշինքի հուսալի գործընկերն է, և, ըստ հաղորդագրության, «բարձր է գնահատել երկրի պաշտպանական ոլորտում բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններում Ադրբեջանի ներդրումը»։
Բայրամովը Բրյուսելում հանդիպել է նաև ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Օրակարգում եղել են Եվրամիություն-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը և իրավիճակը Հարավային Կովկասում: Օրերս Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ադրբեջանի նախագահը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը՝ 2027 թվականին այն հասցնելով 20 մլդ խորանարդ մետրի։