Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները կարևորում են Միրզոյան - Բայրամով առանց միջնորդների հանդիպումը «հենց Թբիլիսիում»


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը «շատ դրական» է համարում այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Թբիլիսիում, «քանի որ ռեգիոնալ կոնտեքստը էստեղ միանշանակ կա, որ ռեգիոնալ պետությունների արտգործնախարարները հանդիպեցին»:

«Դա եռակողմ չէր՝ երկկողմ էր, բայց Դուք գիտեք, որ մեր արտգործնախարարները՝ Հայաստանի և Ադրբեջանի, առանձին-առանձին նաև հանդիպեցին Վրաստանի վարչապետի հետ, Վրաստանի արտգործնախարարի հետ: Ուրեմն, էստեղ նոր տարր կա՝ տարածաշրջանային տարրը, դա շատ կարևոր է», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Գրիգորյանը՝ պարզաբանելով. - «Քանի որ մենք պետք է հասկանանք, որ եռակողմ ռուս - հայ - ադրբեջանական ֆորմատը միշտ աշխատում է հայերի դեմ, ուրեմն պետք է այլ ֆորմատներով էլ աշխատես, որ եռակողմը՝ Ռուսաստանի հետ, մի քիչ ճնշումը մեզանից հանի: Այլ ֆորմատներ շատ պետք են»:

Երկրորդը՝ «պարզ է, որ քննարկվել է հայ - ադրբեջանական հարաբերությունների վիճակը, պարզ է, որ քննարկվել է նաև սահմանազատում, սահմանագծում», սակայն Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ «այստեղ այդքան էլ կարևոր չէին դետալները, այդ տարբեր նյուանսները էդքան կարևոր չէին, ինչքան այն, որ Հայաստանը և Ադրբեջանը առանձին առանձին համաձայնեցին հանդիպել հենց Թիֆլիսում»: «Հիշո՞ւմ եք, դրա մասին շատ էր խոսվում, նույնիսկ Ադրբեջանը մեզ մեղադրում էր, որ մենք չէինք համաձայնում Վրաստանի միջնորդությամբ հանդիպել, հիմա կայացավ դա, ու ես համարում եմ դա շատ դրական», - ընդգծեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրենը:

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, իր հերթին, ուշադրություն հրավիրեց «ոչ այնքան այն հանգամանքին, թե ով էր ներկա այս հանդիպմանը, այլ այն հանգամանքին, թե ով էր բացակա». - «Եվ կարծում եմ, որ ինչպես հայ - ադրբեջանական, այնպես էլ հայ - թուրքական դիվանագիտական գործընթացները, որոնք գրեթե զուգահեռ են անցնում վերջին օրերին, ունեն մեկ ընդհանրություն՝ այդ երկու գործընթացներից բացակայում է Ռուսաստանը»:

«Եվ սա համապատասխանում է վերջին շրջանի կարևորագույն միտմանը՝ այն է, որ պետք է, որքանով որ ես եմ դա հասկանում, Հայաստանում և տարածաշրջանում քչանում է Ռուսաստանի դերակատարությունը, ներկայությունը, և իմ կարծիքով՝ սա միանշանակ համապատասխանում է ինչպես Հայաստանի ազգային շահերին, այնպես էլ այն նախագծին, որը, իմ խորին համոզմամբ, իրականացնում է այստեղ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը», - նշեց Խզմալյանը:

«Ուստի ես կդիտեի և՛ հայ - ադրբեջանական, և՛ հայ - թուրքական սկսված գործընթացները նախ և առաջ ա՛յս ենթատեքստում. Հայաստանը խոսում է Թուրքիայի հետ, Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մահաբեր ազդեցության, առանց նրա ներկայության, և հետևաբար՝ մենք դուրս ենք գալիս ուժի կիրառման սպառնալիքի դաշտից, վերադառնում ենք միջազգային իրավունքի, միջազգային օրենքի դաշտ: Իսկ մենք Ձեզ հետ շատ լավ գիտակցում ենք, որ այդ դաշտում մենք ունենք և՛ պատմական արդարության, և՛ իրավական, և՛ միջազգային օրենքների բազմաթիվ առավելություններ», - հայտարարեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավարը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպեցին հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG