Հայ-ադրբեջանական երկկողմ՝ թբիլիսյան բանակցություններն ու ամերիկյան կողմի ակտիվությունը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մտադիր չեն տարածաշրջանում կարևորագույն՝ ղարաբաղյան հարցի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը թողնել Կրեմլի հայեցողությանը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին վերլուծաբանները։
Միևնույն ժամանակ, ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով` առաջիկա ամիսներին պարզ կդառնա՝ Վաշինգտոնը կամ Բրյուսելը որքան են պատրաստ ներգրավվել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ։
«Եվ հենց դրանից է նաև կախված լինելու Մինսկի խմբի համանախագահության ապագան: Եթե այդ հետաքրքրվածությունն ունի բավարար մակարդակ, մենք կտեսնենք կոնկրետ գործողություններ, ի՞նչ գործողություն ես նկատի ունեմ, օրինակ` պետքարտուղարը հրավիրում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն եռակողմ հանդիպում անելու համար` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այ սա կլինի շատ կոնկրետ գործողություն, հայտարարություններից և այցելություններից անդին կատարված գործողություն», - ասաց նա:
Այլապես, ըստ Քոչինյանի` տարածաշրջանը գործ կունենա միայն ռուս-թուրքական ձևաչափի հետ. «Ընդ որում, ռուս-թուրքական ձևաչափը այդ պահի դրությամբ արդեն ակտիվորեն ձևավորվում է և ակտիվորեն աշխատում է, մենք արդեն երկու արար ռուս-թուրքական ձևաչափի տեսել ենք, առաջին արարը 44-օրյա պատերազմն էր, երկրորդ արարը «3+3» ձևաչափն է»:
Միրզոյան-Բայրամով թբիլիսյան երկկողմ հանդիպմանը նախորդել էին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցելությունները Երևան ու Բաքու։
Շաբաթ օրը Վրաստանի մայրաքաղաքում մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, թե Վաշինգտոնը ողջունում է թբիլիսյան հանդիպումը, և որ ուղիղ երկխոսությունը ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման ամենավստահելի ճանապարհն է:
Ժամեր անց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարաների հետ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։
Հարկ է հավելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի՝ ուրբաթօրյա անակնկալ այցը Երևան, որի ժամանակ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
«Ըստ իս` ամենավատ աշխատողը և ամենավտանգավորը Հայաստանի համար մեկ երկրի միջնորդությամբ արվող գործընթացն է: Այստեղ բացարձակապես կապ չունի` այդ մեկ երկիրը Ռուսաստանն է, Իրանն է, Թուրքիան է, Միացյալ Նահանգները, թե որևէ այլ տարբերակ, մեկ միջնորդով ձևաչափը իր մեջ անխուսափելիորեն պարունակում է ձևաչափային վտանգներ ոչ թե կապված այդ երկրի հետ, այլ ձևաչափն է վտանգավոր», - նշեց Արեգ Քոչինյանը:
Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի խոսքով` Հայաստան-Ադրբեջան բանակցություններում այժմ երկու օրակարգ է ձևավորվել՝ բրյուսլեյան և մոսկովյան, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ տարածաշրջանում ռազմական ներկայություն ունի Կրեմլը։
«Ես կասկածում եմ` եթե այսպիսի իրավիճակ լինի, եթե Ռուսաստանը համաձայն չէ, օրինակ, սկզբունքային համաձայնության մասին եմ խոսում, սկզբունքորեն համաձայն չէ եվրոպական օրակարգին, ի՞նչ ենք կարծում` արդյոք այդ օրակարգը տեղում իրականանալու հնարավորություն ունի: Կարծում եմ` ոչ, այսինքն` անկախ նրանից` եվրոպական օրակարգը մեզ համար ձեռնտու կլինի կամ Ադրբեջանի, բայց եթե դրան Ռուսաստանը համաձայն չլինի, առնվազն իր ռազմա-քաղաքական ներկայությամբ ինքը կարող է թույլ չտալ այդ լուծումը, հետևաբար այստեղ հարց է առաջանալու, թե որ օրակարգն է ավելի իրատեսական կոնկրետ գետնի վրա առկա իրողություններով պայմանավորված», - նկատեց նա:
Արդյո՞ք արտգործնախարարների բանակցություններին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հանդիպումը` դեռ հայտնի չէ։ Կողմերն առայժմ տեղեկացնում են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման մասին, որը կանցկացվի օգոստոսին Մոսկվայում։ Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի գրասենյակից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ հանդիպման օրվա վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։
Հանձնաժողովները գլխավորող Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի վերջին Երասխի մոտ։