Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են բրյուսելյան վերջին հանդիպման օրակարգային հարցերը:
Շառլ Միշելն, ըստ իր թվիթերյան հրապարակման, ընդգծել է Եվրոպական խորհրդի համար Հարավային Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը: Նա նշել է, որ Բրյուսելը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային, հաղորդակցական ուղիների բացման ուղղությամբ:
Իլհամ Ալիևն, իր հերթին, հիշելով Բրյուսելում կազմակերպված եռակողմ հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները` հույս է հայտնել, որ Շառլ Միշելի նշած օրակարգային բոլոր հարցերի համար իրական արդյունքներ կլինեն, հաղորդում է ադրբեջանական կողմը:
Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների խնդրի մասին, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման կարևորությունը:
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին՝ Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ: Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց, նախագահ Ալիևն էլ, վերադառնալով Բաքու հայտարարել էր, թե Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ համաձայնել «զանգեզուրյան միջանցք» բացել։ Երևանը հերքել էր, բանակցություններին ներկա Շառլ Միշելը՝ ափսոսանք հայտնել։