Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 1 միլիարդ դոլարի զենք և զինամթերք։ Հերթական այս փաթեթը կներառի հաուբիցներ և դրանց համար նախատեսված զինամթերք, հրթիռային կայաններ։
Կիևին լրացուցիչ օգնության մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հարցը նախապես քննարկելով ուկրաինացի պաշտոնակցի հետ:
«Ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ, որ Միացյալ Նահանգները ևս 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ ներառյալ լրացուցիչ հրետանային և առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաև զինամթերք ու հրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Դոնբասում իրենց պաշտպանական գործողությունների համար», - ասվում է Բայդենի հայտարարությունում։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է նաև, որ բացի ռազմական օգնությունից, Վաշինգտոնը 225 միլիոն դոլար էլ հատկացրել է որպես հումանիտար օգնություն։ Այդ գումարը, ըստ ամերիկացի առաջնորդի, կուղղվի մարդկանց մաքուր ջրով, դեղորայքով, սննդով, փախստականներին ապաստաններով և ընդհուպ կարիքավորներին նպաստներով ապահովելու համար:
Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը ռուսական ուժերի դեմ ավելի քան երեք ամիս պատերազմող Ուկրաինային կտրամադրի 18 հաուբից և դրանց համար նախատեսված 36 հազար արկ, HIMARS հրթիռներ, որոնց թիվը չի նշվում, չորս զրահամեքենա՝ վնասված տեխնիկայի տարհանման համար, պահեստամասեր և «այլ սարքավորումներ»: Արևմտյան մամուլի տվյալներով՝ այլ սարքավորումների թվում կարող են լինել մասնավորապես ռադիոհաղորդիչներ՝ կոդավորված հաղորդագրությունների փոխանակման համար, և գիշերային տեսողության սարքեր:
Ամերիկյան այս օգնությունը հատկացվում է ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված աննախադեպ՝ 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում։
Ուկրաինայի իշխանությունները, սակայն, շաբաթներ ի վեր հայտարարում են, որ արևմտյան զենքի մատակարարումների ծավալները չեն համապատասխանում Կիևի կարիքներին: Երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն անցած օրերին թվիթերյան իր գրառման մեջ նշել էր, որ հակառակորդի հետ հավասարության հասնելու, «պատերազմին վերջ տալու և Ռուսաստանին Ուկրաինայից վռնդելու համար» ուկրաինական բանակին անհրաժեշտ է 1000 հաուբից, 300 բազմակի հրթիռային կայաններ, 500 տանկ, 2000 այլ զրահամեքենա և 1000 անօդաչու թռչող սարք։