Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ Եվրահանձնաժողովը որոշում կկայացնի Ուկրաինայի հարցով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բանակցությունները Կիևում, 11-ը հունիսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բանակցությունները Կիևում, 11-ը հունիսի, 2022թ.

Այսօր Եվրահանձնաժողովը մտադիր է քննարկել Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։

Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում, Ուկրաինայի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացվի ոչ ուշ, քան մինչև այս շաբաթվա վերջը։

Սակայն եթե նույնիսկ հարցը դրական լուծվի, դա կլինի միայն առաջին քայլը շատ երկար գործընթացում։ Նախ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է համաձայնություն տան Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, ինչից հետո սկսվելու են մանրամասն բանակցություններ բարեփոխումների շուրջ, որոնք Կիևը պետք է իրականացնի ԵՄ անդամի բոլոր չափանիշներին համապատասխանելու համար։

Ֆոն դեր Լայենը, ով պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ է այցելում Ուկրաինայի մայրաքաղաք, ասել է, որ չնայած վարչական և այլ բարեփոխումների հաջող ընթացքին՝ դեռ շատ բան կա անելու:

Զելենսկին, իր հերթին, ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Ռուսաստանի նպատակն ամբողջ Եվրոպան է, իսկ Ուկրաինան այդ ագրեսիայի միայն առաջին փուլն է»։

«Այդ իսկ պատճառով, Եվրամիության դրական պատասխանը Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումին կարող է նաև դրական պատասխան լինել այն հարցին, թե արդյոք եվրոպական նախագիծն ապագա ունի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG