Մատչելիության հղումներ

«Մեդիահաբ»-ը կբողոքարկի ՊՊԾ պետի դեմ քրգործ չհարուցելու Քննչական կոմիտեի որոշումը


«Կոնկրետ ի՞նչն էր ոչ իրավաչափ». լրագրող

«Մեդիահաբ» կայքը կբողոքարկի Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ քրեական գործ չհարուցելու Քննչական կոմիտեի որոշումը։ Լրագրող Նարե Գևորգյանը պնդում է՝ իրավապահների հիմնավորումները համոզիչ չեն:

«Մեր կադրերում պարզ երևում է` ոնց են իմ խոսափողին խփում, ոնց են գալիս, հեռախոսիս խփում, մեր ուղիղ եթերն ու ունեցած կադրերը ամբողջապես հանցագործության մասին հաղորդում էին, և այդ ամեն ինչը տեսնելուց հետո ասել, որ չկա հանցակազմ, մի տեսակ ծիծաղելի է: Ոչ միայն մեր մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել, այլ նաև օպերատորին է ոտքով հարված հասցվել», - ասում է լրագրողը:

Ավելի քան մեկ ամիս առաջ ընդդիմության հերթական բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների ուժային գործողության ժամանակ Նարե Գևորգյանը ուղիղ եթերում էր. լրագրողը մոտեցել էր ցույցի վայրում գտնվող ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Հովհաննիսյանն ու նրա ենթական խոչընդոտում լրագրողների աշխատանքը։

Իրավապահները մեկ ամիս ուսումնասիրեցին միջադեպը և օրերս հայտնեցին, ավելին՝ պնդեցին՝ լրագրողների գործունեությունն է ոչ օրինաչափ եղել:

«Կոնկրետ ի՞նչն էր ոչ իրավաչափ, եթե ես ուղիղ եթերում էի և ուղիղ եթերով ներկայացնում եմ` ահա, այստեղ և քաղաքացիներին հարվածում են, նկատում ենք այնտեղ, հենց իմ խոսքերն են, տեսեք, նկատում ենք Սարգիս Հովհաննիսյանին, մոտենանք, հասկանանք` ինչ է կատարվում, այսինքն` ոչ իրավաչափ ի՞նչ եմ արել, որ ոչ իրավաչափ է», - նշում է Նարե Գևորգյանը:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ ՊՊԾ պետ Հովհաննիսյանը հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել, սակայն Նարե Գևորգյանն այդ պահանջին որևէ կերպ չի արձագանքել, շարունակել են նկարահանել և հարցեր տալ։ Իսկ Սարգիս Հովհաննիսյանի ենթական, ով օպերատորին թույլ չէր տվել նկարահանել, Քննչական կոմիտեի գնահատմամբ` ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը։

«Նշվում է, որ իբրև թե Սարգիս Հովհաննիսյանն այդ պահին աշխատանքային հեռախոսազրույց էր ունենում, ու ես մոտեցել եմ, ինքն ասել է, որ աշխատանքային հեռախոսազրույցի մեջ է, ու չեմ կարող նկարել, բայց պարզ երևում է, որ ես մոտենում եմ, ասում եմ` Ձեզ բավարարո՞ւմ է այս վիճակը... խփում է միանգամից միկրոֆոնին», - պատմում է լրագրողը:

Ըստ Մելիքյանի` մտահոգիչ է, որ լրագրողներին խոչընդոտող պաշտոնյան հերթական անգամ պատասխանատվության չի կանչվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է համարում, որ լրագրողներին խոչընդոտող պաշտոնյան հերթական անգամ պատասխանատվության չի կանչվել։ Միևնույն ժամանակ լրագրողական կազմակերպության ղեկավարն ընդգծում է՝ լրագրողներն էլ իրենց հերթին պետք է լարված իրավիճակներում ավելի պրոֆեսիոնալ լինեն, հարցերը հարմար պահի ուղղեն:

«Որպեսզի այսպիսի բաներ չկրկնվեն, անհրաժեշտ է, որ և՛ ոստիկանությունն իր բարձրության վրա գտնվի, և՛ լրագրողները, որոնք լուսաբանում են այդ էքստրեմալ իրավիճակները: Ոստիկաններն ուղղակի պարտավոր են ոչ միայն չխոչընդոտել լրագրողի գործունեությունը, այլև ամեն ինչ անեն, որպեսզի անվտանգ աշխատեն լրագրողներն այդտեղ»:

Մելիքյանը շեշտում է՝ սա առաջին դեպքը չէ. լրագրողներին խոչընդոտելու դեպքերին իրավապահները հաճախ ընթացք չեն տալիս, պատասխանատվության չեն ենթարկում, և այս վատ ավանդույթը շարունակվում է և՛ նախկին, և՛ գործող իշխանությունների օրոք. «Մենք կարող ենք և 90-ականների, և 2000-ականների սկզբի, և 2000-ականների երկրորդ կեսի, ասենք նույն «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունները եթե նայենք կամ Սարի թաղի, հիմա էլ զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ նմանատիպ միաջդեպեր լինում են, և դրանք մնում են, ցավոք, անհետևանք»:

Ոստիկանների գործողությունների վերաբերյալ 10-ից ավելի քրեական գործ է հարուցվել

Մայիսի սկզբին տեղի ունեցած միջադեպի ժամանակ տեղում եղել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը։ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անընդունելի էր համարել նման վարքագիծը, հատկապես բարձաստիճան պաշտոնյայի կողմից։

Արդեն մեկուկես ամիս փողոց դուրս եկած ընդդիմության ցույցերը պարբերաբար ուղեկցվում են ոստիկանների ուժային գործողություններով, մեկ անգամ նույնիսկ լուսաձայնային նռնակներ են կիրառվել, ցուցարարների գործողությունների առնչությամբ գործեր հարուցվել, ու մեղադրանքներ առաջադրվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին` ոստիկանների գործողությունների վերաբերյալ ևս 10-ից ավելի քրեական գործ է հարուցվել, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, սակայն, չկան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG