«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր կառավարական երկրորդ մասնաշենք գնացին՝ ցանկանալով հանդիպել նախարարների հետ։ «Կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- հենց այս հարցով էին ընդդիմադիրները ցանկանում բարձրանալ նախարարների մոտ։
Ինչպես երեկ, այսօր էլ որևէ նախարարի հետ հանդիպել չհաջողվեց։ Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ակցիայի սկզբում հայտարարեց՝ շենքեր չեն շրջափակելու, ոստիկանների հետ բախման չեն գնալու։
«Երեկվանից շատ է ասվում, որ ի՞նչ կարիք կա Նիկոլի կառավարության նախարարի տեսակետ պարզելու, որովհետև ակնհայտ է՝ ով ինչ է մտածում, բայց, ոչ, հիմա նախ անձնական պատասխանատվության ժամանակն է, և մենք այս օրերի ընթացքում անընդհատ պետք է պարզենք ու յուրաքանչյուրի բերանից լսենք՝ ով ինչ է մտածում», - ասաց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը։
Բանակցությունները կարճ տևեցին։ Նախարարների մի մասը փոխանցեց, թե շենքում չէ, մյուսները խուսափեցին ընդդիմադիրների հետ հանդիպումից։ Կառավարական երկրորդ շենքը շրջափակված էր բազմաթիվ ոստիկաններով։
«Դիմում եմ այս նախարարներին՝ ինչքա՞ն պետք է փախնեք, ինչքա՞ն պետք է այս շթերի հետևում թաքնվեք, հարամ լինի այն աթոռը, որ դուք զբաղեցնում եք։ Եթե պետք է ոստիկանական շթերի հետևից ղեկավարեք այս երկիրը, կարող է նաև գանք ձեր տները, այսինքն՝ պատկերացրեք՝ մի պահ այս ոստիկանական շթերը ձեր պադեզդների դիմաց, ի՞նչ եմ ուզում ասել՝ երկար փախչել չեք կարողանալու. կա՛մ պետք է ասեք՝ ժողովրդի հետ ենք, կա՛մ ժողովրդի դեմ», - հայտարարեց Սաղաթելյանը։
Ապա վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները երթով շարժվեցին նաև Երևանի մի քանի բուհերի ուղղությամբ։ Ամենաերկարը կանգ առան պետհամալասարանի մոտ։ Պահանջում էին, որ գիտխորհուրդը նիստ գումարի և իր դիրքորոշումը հայտնի Արցախի կարգավիճակի վերաբերյալ; Պատգամավորներից մի քանիսին բուհի շենք մուտք գործել հաջողվեց, բայց կարճ ժամանակ անց դուրս եկան և հայտարարեցին, որ սկզբում իրենց ընդունելու պատրաստակամություն հայտնած ռեկտորի սենյակի դուռը ներսից փակված է եղել։ Նախկին իշխանական պատգմավոր, ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ըստ պատգամավորի առաջարկել է հանդիպել վաղը։
«Ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվեք՝ մարդը շենքում է, թե շենքում չէ, այդպես էլ պատասխան չունենալով՝ մենք գնացինք դեպի իր սենյակ։ Հասկանալի էր, որ տղամարդ ռեկտորը, այնտեղ էլ ասացի, տեսնելով, որ Ազգային ժողովի պատգամավորներ են բարձրանում, դուռը ներսից փակում, մնում է ներսում, պատկերացնո՞ւմ եք», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը։
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կա 8 ձերբակալված. ՔԿ
Առանց որևէ հանդիպման երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ավարտեցին այսօրվա բողոքի ակցիաները։ Օրվա ընթացքում բախումներ ոստիկանության հետ, ինչպես նաև բերման ենթարկելու փորձեր չեղան։ Երեկ մինչդեռ բերման ենթարկվածների թիվը անցել էր հարյուրը, բացի այդ Քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ կառավարական երրորդ մասնաշենքի մոտ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կա 8 ձերբակալված։
Իշխան Սաղաթելյանն իրավապահների այս քայլը շարժումը ճնշելու անհաջող փորձ է գնահատում. «Փորձում են ձերբակալությունենրի, տարբեր ճնշումների, բերման ենթարկելու, կարված գործերի... գիտեք՝ արդեն քանի հոգի նաև ունենք երկու տասնյակից ավելի այս վերջին օրերին կալանքի տարված մարդիկ։ Այս ճանապարհով փորձում են շարժման ակտիվիստներին մեկուսացնել, նաև վախեցնել մեր քաղաքացիներին։ Իմիջիայլոց, ամբողջ ծառայությունները՝ Ազգային անվտանգության ծառայությունից սկսած, Քննչականից, Ոստիկանությունից անհատապես փորձում են քաղաքացիներին վախեցնել, սպառնալ ու էլ չեմ խոսում բիրտ և ոչ իրավաչափ ուժ կիրառելու մասին, որին դուք ամեն օր ականատես լինում եք»։
Փոխոստիկանապետը համաձայն չէ, որ ոստիկանները երեկ անհամաչափ ուժ են կիրառել
«Ազատությունը» երեկ հիվանդանոցում զրուցել էր մի ցուցարարի հետ, որը պնդում էր, որ ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել։ Բժշկի տեղեկացմամբ՝ տղամարդը կողերի կոտրվածք ուներ։ Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, սակայն, համաձայն չէ, որ ոստիկանները երեկ անհամաչափ ուժ են կիրառել։
Փոխոստիկանապետը այսօր վստահեցրեց նաև, որ պարգևավճարներ ստացել են բոլոր ոստիկանները, և դա որևէ կապ չունի մոտ մեկ ամիս Երևանում շարունակվող բողոքի ակցիաների հետ։