Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր նախատեսված է ապաշրջափակման հարցերով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը


Արխիվ
Արխիվ

Մոսկվայում տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ադրբեջանա-ռուսական աշխատանքային խմբի հանդիպման մասին կողմերը դեռ որևէ տեղեկություն չեն հաղորդում՝ արդյոք այն մեկնարկե՞լ է կամ արդեն ավարտվել։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ էին հաստատել՝ այսօր Մոսկվայում պետք է հանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի նախորդ հանդիպումը կես տարի առաջ էր։

Թե ժամը քանիսին է կայանալու հանդիպումն, ու մասնավորապես ինչ հարցեր են քննարկվելու, փոխվարչապետի գրասենյակից այսօր մանրամասներ չհայտնեցին, չասացին նաև՝ արդյոք դրա ընթացքում նախատեսվում է որևէ փաստաթղթի ստորագրում։

Անցած շաբաթավերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, թե Բաքուն ակնկալում է, որ առաջիկայում տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի։ Պաշտոնական Երևանն այդ հայտարարությունը չէր մեկնաբանել։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել էր, որ այժմ կողմերն աշխատում են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, շեշտել՝ քննարկումների ընթացքում Բաքուն ու Երևանը կարողացել են մի շարք հարցերի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։ Ո՛չ փաստաթղթի, ո՛չ էլ դիրքորոշումների մասին կոնկրետ մանրամասներ, սակայն, Բայրամովը ևս չէր հայտնել։

Ավելի վաղ Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր հայտարարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը երկու երկրների տարածքներով. «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով», - ասված էր Միշելի հայտարարության մեջ։

Եվրոպացի պաշտոնյան, սակայն, ևս չէր հստակեցրել` կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշել էր, որ փոխվարչապետերը պետք է առաջիկա օրերին էլ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունները:
Այս հանդիպումից շատ չանցած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդեց, թե Հայաստանի տարածքով միջանցք պետք է անցնի։

Բրյուսելյան հայտարարության մեջ, մինչդեռ, որին հղում էր անում Ալիևը, միջանցք բառը չի օգտագործվել։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էլ էր արձագանքել Բաքվից հնչող պնդումներին։ Երևանը վերստին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն բացառվում է: Ավելի ուշ էլ Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակից հստակեցրին՝ հանդիպմանը կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ «արտատարածքային պահանջներ չկան»:

Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը նաև սահմանազատման հայկական և ադրբեջանական հանձնաժողովներն են ղեկավարում։ Երկու պաշտոնյաները այս ձևաչափով առաջին անգամ հանդիպեցին անցած շաբաթ՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Թե այս հանձնաժողովի հաջորդ հանդիպումը երբ է նախատեսվում, դեռ պարզ չէ։ Ավելի վաղ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց հստակ է՝ այն կայանալու է Մոսկվայում։

Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին այսօր Եվրամիության հատուկ ներկայфցուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպումներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանն են անդրադարձել։ Երկու հանդիպումներում էլ քննարկվել է բրյուսելյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG