Մատչելիության հղումներ

Պատերազմի 100-րդ օրը Զելենսկին տեսանյութ է հրապարակել նախագահական նստավայրից


Ռուս-ուկրաինական պատերազմի 100-րդ օրը Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել նախագահական նստավայրից, որտեղ նրա հետ են վարչապետ Դենիս Շմիգալը, «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և նախագահի խորհրդական Մախայիլ Պոդոլյակը։

Տեսանյութում Զելենսկին ասել է, որ բոլոր պաշտոնյաները նախկինի պես աշխատում են Կիևից. «Մեր թիմն ավելի մեծ է։ Ուկրաինայի զինված ուժերը այստեղ են, մեր ժողովուրդը այստեղ է, արդեն 100 օր պաշտպանում ենք Ուկրաինան։ Հաղթանակը մերն է լինելու, փառք Ուկրաինային»։

Նման տեսանյութ Ուկրաինայի նախագահական նստավայրից Զելենսկին հրապարակել էր նաև փետրվարի 25-ին՝ Ռուսաստանի ներխուժման երկրորդ օրը։

Այսօր Կիևի կենտրոնում ռուսական խոցված տանկեր ու զրահամեքենաներ են ցուցադրվում։ Լրագրողների հետ զրույցում շարքային ուկրաինացիները կարծիք են հայտնել, որ պատերազմը շուտ չի ավարտվի, համոզված են, որ Ուկրաինան կհաղթի։ Ռուսլան անունով երիտասարդը նշել է, որ դա նաև կախված է, թե ինչպես կաջակցեն դաշնակիցները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարն այսօր ասել է, որ ուկրաինացի զինվորականները արդեն վերպատրաստվում են Եվրոպայում՝ ժամանակակից հրթիռային համակարգերին տիրապետելու համար, որ խոստացել են Միացայլ Նահանգներն ու Բրիտանիան։ Կիևը հուսով է՝ այդ զենքերը կօգնեն առաջիկա շաբաթներին բեկում մտցնել պատերազմում՝ հօգուտ Ուկրաինայի։

Ներկայիս իրավիճակի մասին Զելենսկին խոսել է անցած գիշերվա տեսաուղերձում․ «Դոնբասում իրավիճակը մեկ օրվա ընթացքում չի փոխվել։ Մենք որոշակի հաջողություն ենք ունեցել Սևերոդոնեցկում, բայց դեռ վաղ է խոսել։ Այնտեղ, ինչպես նաև հարևան քաղաքներում՝ Լիսիչանսկում, Բախմուտում, մյուս բնակավայրերում ամենածանր իրավիճակն է», - ասել է նա։

Բրիտանական ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագում նշված է, որ Դոնբասում ռուսական ուժերը հաջողությունների են հասնում, նրանք պահպանում են հարձակման տեպը և նախաձեռնությունը պահում իրենց ձեռքում։ Նշելով, որ Լուգանսկի մարզի 90 տոկոսը գտնվում է ռուսների վերահսկողության տակ, բրիտանացիները կարծում են, որ ամենայն հավանականությամբ առաջիկա երկու շաբաթների ընթացքում ռուսական ուժերը կգրավեն ամբողջ Լուգանսկի մարզը, սակայն այդ նպատակին նրանք կհասնեն ծախսելով շատ ռեսուրսներ ու ռազմաճակատի փոքր հատվածում մեծ ուժեր ու կրակային միջոցներ կենտրոնացնելու հաշվին։ Մյուս ուղղություններով ռուսական ուժերը չեն կարողացել էական առաջխաղացման հասնել, նրանք անցել են դիրքային պաշտպանության։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի ամենօրյա վերլուծականում նշված է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում փորձել են հարձակվել Սլովյանսկի վրա, բայց առաջընթաց գրեթե չեն ունեցել, քանի որ հիմնական ուժերը նետվել են Սևերոդոնեցկի վրա, ու քանի դեռ նման իրավիճակը կպահպանվի, ռուսական ուժերին դժվար թե հաջողվի առաջ շարժվել այդ ուղղությամբ։

Մոսկվան, իր հերթին, տրամադված է հասնել բոլոր նպատակներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե հատուկ գործողության հիմնական նպատակներից մեկը Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչների պաշտպանությունն է, արդեն որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, նրա խոսքերով՝ ուկրաինական նացիստամետ ուժերից շատ բնակավայրեր են ազատագրվել, որտեղ մարդկանց բնական կյանքը վերականգնվում է։

«Այդ աշխատանքը կշարունակվի մինչև հատուկ գործողության բոլոր նպատակներին հասնելը»,- նշել է Պեսկովը

Ռուսական ուժերի կողմից ուկրաինական մարզերի պարբերաբար հրետակոծությունները շարունակվում են։ Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Դոնեցկի, Սումիի, Լուգանսկի մարզային վարչակազմերի ղեկավարները այսօր ներկայացրել են վերջին մեկ օրվա իրավիճակը։ Նրանց հայտնած տվյալները ցույց են տալիս, որ առավել ինտենսիվորեն հրետակոծվում են Լուգանսկի ու Դոնեցկի մարզերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը ամենօյա հաղորդագրությունում ասել է, որ ռուսական ավիացիան հարվածել է ուկրաինական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կուտակումների, և նրա խոսքով՝ ավելի քան 360 ուկրաինացի զինծառայող է սպանվել, ոչնչացվել է 49 միավոր ռազմական տեխնիկա։

Լուգանսկի մարզում՝ Սևերոդոնեցկից հարավ, Պոպասնյա բնակավայրի մոտ, որը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ, երեկ նկատվել է տանկերի ու զրահամեքենաների տեղաշարժ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք է կիրառվել։

Տեղի բնակիչներին պարենային ապրանքների արկղերով հումանիտար օգնություն է բաժանվել Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG