Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին կայացել է Փաշինյանի ու Պուտինի առանձնազրույցը


Հայաստանի ղեկավարը երեկ Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ՝ երկրորդ անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հանդիպումը տեղի է ունեցել երեկոյան, ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովից հետո։

Դռնփակ զրույցից առաջ Փաշինյանն ընդգծել է, որ մտադիր է քննարկել տարածաշրջանային անվտանգությունն ու ղարաբաղյան խնդիրը, նշել է, թե որոշ տեղեկություն ունի հայտնելու Կրեմլի ղեկավարին․ - «Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ։ Այնպես որ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»։

Թե ինչին է վերաբերում նոր տեղեկությունը, հստակ չէ։ «Ազատությունը» հարցում է ուղարկել կառավարություն և արտգործնախարարություն, դեռ չեն պարզաբանել։

Հստակ է, որ կողմերի միջև անցած հանդիպմանը ընդունված համատեղ հայտարարության30 կետերից մեկը ևս վերաբերում էր Մինսկի խմբին. «Կողմերը ընդգծել են հրատապ հումանիտար խնդիրների արագ լուծման և արցախյան հիմնախնդրի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ համաձայն նրա միջազգային մանդատի»։

Մինչդեռ Բաքուն 44-օրյա պատերազմից հետո մինչև օրս հայտարարում է, թե միջնորդական այդ խումբն այլևս անելիք չունի, քանի որ հակամարտությունը մնացել է անցյալում։ Բանակցային գործընթացը է'լ ավելի էր բարդացել Ուկրաինայում սկսված պատերազմից հետո․ Մոսկվան ամիսներ առաջ հայտարարեց, թե միջնորդական այդ առաքելությունն այլևս չի գործում, քանի որ խմբի մյուս համանախագահողները՝ Ֆրանսիան և Միացյլալ Նահանգները չեն ցանկանում շփվել Ռուսաստանի հետ։

Չնայած այս տարաձայնություններին, Հայաստանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պետք է շարունակել Մինսկի խմբի միջնորդությամբ։ Թե ինչպես, և կան արդյոք համագործակցության ազդակներ արևմտյան գործընկերներից, պաշտոնապես չի հայտարարվել։

Ռուսաստանի նախագահն այս ֆոնին հարկ համարեց ընդգծել, որ Մոսկվան շարունակում է ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան խնդրով՝ եռակողմ ձևաչափով, Հայաստանի ու Ադրբեջանի հետ. - «Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին»:

Վերջին անգամ եռակողմ հանդիպում էր եղել արտգործնախարարների մակարդակով անցած շաբաթ Դուշանբեում, ինչից հետո Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են այս շաբաթասկզբին Մոսկվայում սահմանազատման հանձնաժողովի նիստ անցկացնել։ Մինչև այս պահը, սակայն, կողմերը այս հարցով չեն հանդիպել, հստակ չէ, թե ովքեր են ներգրավված այդ հանձնաժողովում, և ինչն է խանգարում նրանց նստել մեկ սեղանի շուրջ։

Երեկ ուշ երեկոյան Կրեմլում կայացած հանադիպմանը Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը խոսեցին նաև տնտեսական կապերից, ամենուշագրավը թերևս Փաշինանի հայտարարությունն էր ռուսական ներդրումների մասին․ - «Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար»:

Թե հատկապես որ գործարարների և որ ոլորտների մասին է խոսքը, Հայաստանի վարչապետը չի հստակեցրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG