Մատչելիության հղումներ

Հետևողական ենք լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ


Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփ

Անցած տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը վկայում է, որ Հայաստանում ժողովուրդը աջակցում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, այսօր հայտարարել է Թուրքիայի մեջլիսի նախագահը:

Մուստաֆա Շենթոփն այս մասին խոսել է Շուշիում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. - «Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը կողմ է Փաշինյանի քաղաքականությանը՝ ուղղված Ադրբեջանի հետ խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իհարկե, հիմա որոշ ներքաղաքական խնդիրներ կան, բայց տեսանք, որ Հայաստանում խելամիտ քաղաքական գործիչներն ու ժողովրդի մեծամասնությունը խաղաղություն են ուզում: Իսկ ով խափանում է այս ջանքերը, նախ և առաջ հայկական սփյուռքը, այդ գործողությունները տնտեսական և անվտանգային տեսանկյունից ի վնաս Հայաստանի են»:

Շենթոփը ընդգծել է, որ պետք է խելամիտ գործել և հստակ քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում խաղաղությունը մնայուն դարձնելու համար: Թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը չի հստակեցրել, բայց ընդգծել է, որ այս փուլում ամենակարևորը խաղաղության պայմանագիրն է Ադրբեջանի և Հայաստանի միջև. - «Սփյուռքահայերը գուցե երբեք էլ Հայաստան չեն գալիս, բայց Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները ստիպված են իրար հարևանությամբ ապրել: Այդ պատճառով էլ պետք է խելամիտ գործել»:

Տևական դադարից հետո թուրք պաշտոնյան կրկին «Զանգեզուրի միջանցք» տերմինն է գործածել՝ պնդելով, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի, ինչպես նաև Լաչինի միջանցքի գործարկումը նախատեսվել է պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ:

Թեև հայկական կողմը շարունակ պնդում է, որ փաստաթղթում զանգեզուրյան միջանցքի մասին որևէ խոսք չկա, Թուրքիայի խորհրդարանի խոսնակն այսօր համոզմունք է հայտնել, որ այդ նախագիծն իրականություն կդառնա. - «ժամանակն անցել է և հստակ քայլեր չեն ձեռնարկվել: Բայց ես այս հարցում լիահույս եմ: Այդ քայլերը կարվեն, քանի որ այս հողերն ազատագրվել են և բնականաբար դրան պետք է քայլեր հետևեն: Համբերությամբ կսպասենք, բայց իհարկե հետևողական կլինենք այս հարցում»:

«Ադրբեջանը ցանկանում է խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ և շրջել թշնամանքի էջը». Ալիև

Տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այսօր քննարկվել է նաև Բաքվում՝ Ադրբեջանի և Լիտվայի նախագահների հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիևը կրկին պնդել է, թե Բաքուն ուզում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, թե ինչ պայմաններով ու սկզբունքներով՝ Ադրբեջանի առաջնորդը չի հստակեցրել։

«Ադրբեջանը շատ հստակ դիրքորոշում ունի և ցանկանում է խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», - ասել է նա:

Բաքվում կայացած այս քննարկումներից հետո Լիտվայի նախագահը վաղն էլ կժամանի Հայաստան՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը լսելու։

XS
SM
MD
LG