«Ազատություն». – Քսան օր է, հանրահավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ... Մոտեցե՞լ եք Փաշինյանի հեռացմանը։
Խաչատրյան. – Այս պահի դրությամբ մոտեցել ենք նրան, որ եթե չի կասեցվել, ցավոք սրտի չի կասեցվել, բայց դանդաղել է Հայաստանի կապիտուլյացիոն երկրորդ ակտի ստորագրումը։ Որովհետև եթե այս ցույցերը չլինեին, վստահաբար Հայաստանը գլխիկոր կհամաձայներ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, որոնց մասին այս իշխանությունը դեռ մի ամիս առաջ էր խոսում, որ սկզբունքային որևէ տարաձայնություն չունեն։
«Ազատություն». – Բայց հիմա էլ են ասում, բայց Ադրբեջանը համաձայն չէ։
Խաչատրյան. – Հիմա ինչ-որ ծիծաղելի վեց կետ են ներկայացրել, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի հստակ ձևակերպված, մեզ համար անընդունելի հինգ կետերին վեց հեղհեղուկ ինչ-որ կետեր են ներկայացրել, որոնք, ցավոք սրտի, էլի Ադրբեջանի համար ծաղրի առարկա են դարձել։ Ասում են՝ նամակը ստացանք, առաջարկությունները ստացանք, և այդ վեց կետերի մեջ որևէ սկզբունքային դիրքորոշում չենք տեսնում, էլի ինչ-որ ճղճիմ ձևակերպումներ են՝ Արցախի կարգավիճակ, իրավունքներ... Կարգավիճակ հշատ կարող է լինել՝ մշակութային ինքնավարություն կամ նման մի բան՝ առանց հստակ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու։
«Ազատություն». – Դուք կարծում եք, որ կասեցրել եք ինչ-որ գործընաց։
Խաչատրյան. – Ես կարծում եմ, որ գոնե դանդաղեցրել ենք, և էս իշխանությունները տեսնում են, որ հալած յուղի նման մեր հանրությունը, մեր ազգը չի ընդունի այդ կապիտուլյացիան։ Մենք տեսնում ենք, որ մենք գեներացրել ենք դժգոհությունը, մարդիկ փողոցում են, և տեսնում ենք, որ իշխանությունների քաղաքականությունից և գործողություններից դժգոհ և գործողության պատրաստ քաղաքացիների թիվը աճում է։ Եվ իշխանությունները ոստիկանական սադիստական բռնություններով չեն կարողանում մարդկանց հետ պահել բողոքի ակցիաներից։
«Ազատություն». – Դուք որտեղի՞ց գիտեք, որ աճում է։
Խաչատրյան. – Մեր դիտարկումներն են։ Հաստատ Դանիել Իոաննիսյանի թվերին չենք վստահում։ Ինձ այդ թվերը հիշեցնում են 1988 թվականի Սովետական Միության կոմունիստական կուսակցության խոսափող «Վրեմյա» հաղորդման թվերը, որ ամբողջ ժողովուրդը փողոցում էր, ասում էին՝ кучка экстремистов։ Ես չեմ ասում, թե հիմա ամբողջ ժողովուրդը փողոցում է։ Ես ասում եմ, որ հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են փողոցում, և ոչ թե էն ծիծաղելի թվերը, որոնք հնչեցնում է կառավարության ջերմեռանդ պաշտպանը, որը երբեմն անկախ լինելու համար փոքրիկ քննադատություններ է իրեն թույլ տալիս։
«Ազատություն». – Այնուամենայնիվ, դա հեղափոխություն չէ։ Դուք կարծես չեք անհանգստացնում իշխանությանը առավոտյան մի քանի փողոց փակելով։
Խաչատրյան. - «Ես կարծում եմ, որ եթե իշխանությանը մենք չանհանգստացնեինք, իրենց այդ սադիստական բռնություններին չէին գնա։
«Ազատություն». – Անհնազանդության իմաստը այն է, որ իշխանությունը չկարողանա պրոցեսը կառավարել։ Հիմա շատ լավ կառավարելի է, րոպեների ընթացքում ձեր ակցիաները կասեցվում են։
Խաչատրյան. – Չէ, այդպես չի։ Եթե մի ակցիաներ կարողանում են բիրտ ուժ կիրառելով ցրել, ուրիշ ակցիաները չեն կարողանում։ Ակնհայտ է դա։
«Ազատություն». – Բայց հաջողության համար մարդկանց աչքի առաջ 2018-ի փորձն է, և համեմատության եզրեր առայժմ չկան
Խաչատրյան. – Ես ձեզ ուրիշ բան ասեմ։ 2018 թվին մարդիկ փողոց իջան, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Չմոռանանք, որ մինչև այդ մարդկանց քանակը փողոցում համեստ էր։ Մենք շարժվում ենք առաջ, մենք չենք ասի, որ հեղափոխությունը նշանակված է մայիսի 21-ին, երեկոյան ժամը 7-ին...
«Ազատություն». – Խորհրդարան վերադառնալ մտադի՞ր եք։
Խաչատրյան. – Վերադառնալ իհարկե մտադիր ենք։ Բայց իհարկե ո'չ վաղը, ո'չ էլ մյուս օրը։ Վստահեցնում եմ, որ տեղյակ կլինեք դրա մասին։
«Ազատություն». – Ինչքա՞ն եք պատրաստվում մնալ փողոցում։
Խաչատրյան. – Մինչև Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.