Մատչելիության հղումներ

Շառլ Միշելը ռմբապաստարան է տեղափոխվել Օդեսայի հրթիռակոծության պատճառով


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Օդեսա, 9-ը մայիսի, 2022թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Օդեսա, 9-ը մայիսի, 2022թ.

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Օդեսայում հրթիռակոծության կապակցությամբ ստիպված ընդհատել է հանդիպումներն ու տեղափոխվել է ռմբապաստարան:

Միշելն Ուկրաինայում վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է Կիևին տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրելու հարցերը: Քննարկմանը Կիևից տեսակապով մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այցի ընթացքում անդրադարձ է եղել Եվրամիություն ուկրաինական ցորենի արտահանման և տարբեր բնագավառներում Բրյուսելի կողմից Կիևին սատարելու հարցերին:

«Ուկրաինայի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում զրուցակիցները ստիպված ընդհատել են քննարկումը և իջել են ռմբապաստարան, քանի որ ռուսական ուժերը սկսել են հրթիռակոծել Օդեսան», - ասել է Միշելին ուղեկցող մի պաշտոնյա:

Նրա խոսքով, Միշելը տեսել է ուկրաինական ցորենի բազում տոննաներ, որոնք հնարավոր չէ հիմա դուրս հանել, քանի որ ռուսներն արգելափակել են Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները:

Դա, ըստ վերլուծաբանների, խարխլում է ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի պարենային անվտանգությունը:

Եվրոպայի խորհրդի նախագահը նախապես չհայտարարված այց է կատարել Ուկրաինա:

«Ես Եվրոպայի օրը նշելու համար ժամանել եմ Օդեսա՝ քաղաք, որի մասին Պուշկինն ասել է, որ այստեղ կարելի է զգալ Եվրոպան», - հայտարարել է Շառլ Միշելը:

XS
SM
MD
LG