Մատչելիության հղումներ

Վարշավայում կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրա


Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը, Վարշավա, 9 մայիսի, 2022թ.
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը, Վարշավա, 9 մայիսի, 2022թ.

Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա կարմիր ներկ են լցրել այն ժամանակ, երբ նա գերեզմանոցում ծաղկեսպակով մոտեցել է Երկրորդ աշխարհամարտում զոհված Կարմիր բանակի զինծառայողների հուշարձանին:

Ըստ ականատեսների, միջոցառման ընթացքում գերեզմանոցում հավաքվել են Ուկրաինայի դրոշներով մարդիկ, ովքեր ռուսների հասցեին վանկարկել են «Ֆաշիստներ»:

Մոսկվան խստորեն դատապարտել է միջադեպը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին:

«Մեզ չի կարելի վախեցնել, պետք է հայելում իրենց արտացոլանքից վախենան Եվրոպայի բնակիչները»,- Տելեգրամում գրել է Զախարովան:

Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ի վեր միլիոնավոր ուկրաինացիներ ապաստանել են Լեհաստանում: Վարշավան ռազմական, նյութական, քաղաքական և մարդասիրական օգնություն է տրամադրում Մոսկվայի ագրեսիային ենթարկված Կիևին:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Զբիգև Ռաուն այսօր ափսոսանք է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և ասել է, որ «դիվանագետները պետք է ունենան հատուկ պաշտպանություն անկախ նրանց երկրների վարած քաղաքականությունից»:

XS
SM
MD
LG